Ֆրանսիայում բուրկինի կրելու դեմ բողոքի ակցիա է անցկացվել
Ֆրանսիայի հարավային Էրո դեպարտամենտում կիրակի բողոքի ակցիա է տեղի ունեցել` ընդդեմ բուրկինի կրելու: Բուրկինին շարիաթի օրենքների համաձայն մուսուլմանուհիների համար նախատեսված լողազգեստ է, որի դեմ բողոքներն ակտիվանում են Եվրոպայի տարբեր հատվածներում:
Ինչպես հայտնում է РИА Новости-ն` ուրբաթ ֆրանսիական Նիցցան համալրել է այն քաղաքների ցանկը, որտեղ արգելվել է բուրկինի կրելը: Նմանօրինակ արգելք արդեն սահմանվել էր մի շարք ֆրանսիական կոմունաներում, որոնց թվում են Կաննը, Մենտոնը, Սեն-Լորան-դյու-Վարը, Սիսկոն, Բոլյե-սյուր-Մերը:
Արգելքը խախտած երեք կանանց արդեն պարտավորեցրել են տոիգանք վճարել 38 եվրոյի չափով:
Բողոքի ցույցն անցկացվել է Պալավաս-լե-Ֆլո կոմունայում, որին մասնակցել է շուրջ 200 մարդ:
Ավելի վաղ Ֆրանսիայի վարչապետ Մանուել Վալսը կողմ է արտահայտվել բուրկինին արգելելու մասին որոշումներին: