Առաջիկա 5 տարիների ընթացքում իրատեսական չէ ԵՏՄ-ում միասնական արժույթի ձևավորումը. Թիմուր Սուլեյմենով
Եվրասիական տնտեսական միությունը դեռևս պատրաստ չէ անցում կատարել միասնական արժույթի: Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տնտեսության և ֆինանսական քաղաքականության կոլեգիայի անդամ (նախարար) Թիմուր Սուլեյմենովը:
«Կարծում եմ, որ առաջիկա 5 տարիների ընթացքում իրատեսական չէ միասնական արժույթի ձևավորումը: Սա պայմանավորված է մի շարք օբյեկտիվ հանգամանքներով, բայց ԵՏՄ անդամ-պետությունների նախագահների միջև, ինչպես գիտեք, կա պայմանավորվածություն, ուստի մենք ուսումնասիրում ենք արժութային միասնական տարածքի ստեղծման հնարավորությունները»,- ասաց Սուլեյմենովը:
ԵՏՀ նախարարը հայտնեց, որ ռուս փորձագետները, տնտեսագետները, ինչպես նաև ՌԴ կենտրոնական բանկը սկսել են այս ուղղությամբ աշխատանքները և արդյունքները զեկուցելու են նախագահ Վլադիմիր Պուտինին:
«Եթե Ռուսաստանի նախագահը հավանության տա փորձագետների առաջարկին, այն կներկայացնի անդամ-պետությունների մյուս ղեկավարներին, որ նրանք էլ ծանոթանան: Դրանից հետո միայն, քանի որ որոշումներն անցնում են կոնսենսուսով, պարզ կդառնա՝ միասնական արժույթ ԵՏՄ-ն կունենա, թե ոչ»,- նշեց Թիմուր Սուլեյմենովը: