Ես հիմա Խորենացի փողոցում անելիք չունեմ. Նիկոլ Փաշինյան
Ես հիմա Խորենացի փողոցում անելիք չունեմ. լրագրողների հետ հանդիպմանն այսօր հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:
Նա լրագրողների հետ հանդիպում էր կազմակերպել պարզաբանելու երեկ Խորենացի փողոցում տեղի ունեցածը և դրան հաջորդող իրադարձությունները: Պատմեց, որ երեկ Խորենացի փողոցում է եղել, երբ ոստիկաններն իրենց տեղում էին, իսկ ցուցարարները՝ ոչ: Երբ իրավիճակը հանդարտվել է, նրան մոտեցել է մի երիտասարդ և մեգաֆոն ուզել՝ ասելով, թե Պավլիկ Մանուկյանն է լիազորել նրան ելույթ ունենալ. «Զանգել եմ Պավել Մանուկյանին, խոսել եմ հետը, հարցրել եմ՝ լիազորել է, ասել է՝ այո: Փոխանցել եմ մեգաֆոնը նրան»:
Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ Խորենացի փողոցում հայտնվեցին մարդիկ, որոնք հրահրում էին իրավիճակը. «Երբ որ մարդիկ էին հավաքվում այնտեղ և մի քանի ժամ սեռական հայհոյանքներ էին տալիս ուղիղ եթերով հոգևորականներին և տարբեր մարդկանց, մեքենաների շարժը… և այլն… ինձ համար ակնհայտ էր, որ դրանք արվում էին ոստիկանությանը գործողությունների հրահրելու համար: Կասկածելի մարդիկ, մի քանի տեղ լոկալ «ռազբորկաներ» էին ծնվել… Հիմա հարց է առաջանում՝ «Հիմնադիր խորհրդարանը» և «Սասնա ծռերը» դատապարտո՞ւմ, թե՞ չեն դատապարտում այդ գործողությունները»։
ԱԺ պատգամավորը նշեց, որ այդպիսի միջավայրում ինքն անելիքներ չունի: Նա արձագանքեց այն կասկածներին, թե փորձում է ղեկավարել, կոորդինացնել Խորենացի փողոցում հավաքվածներին, ասաց, որ նա երբեք նման հավակնություններ չի ունեցել, փորձել է միայն կանխել բռնությունները:
Նիկոլ Փաշինյանը կրկնեց նորից, որ Խորենացի փողոցում հավաքված որոշ մասին նա այլևս չի կարող միանալ։ «Երբ տոն են տալիս հարբած և չգիտեմ ինչեր օգտագործած մարդկանց, ես արդեն այդտեղ էլ անելիք չունեմ: Եթե նրանց սաստելու և չեզոքացնելու փորձերն այլ մեկնաբանությունների տեղիք են տալիս, ես չեմ կարող այնտեղ ոչինչ անել»,- ասաց նա` ավելացնելով, որ Խորենացի փողոց կգնա միայն այն ժամանակ, երբ դրա անհրաժեշտությունը ցուցարարները և ինքը կզգան: