Տեսնում եմ, թե չորս կողմը որքան են ուրախացել Հայաստանում ստեղծված իրավիճակի համար. Ռոբերտ Ամիրխանյան
Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը և կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանը «Սասնա ծռեր» խմբի գործունեության վերաբերյալ նույն կարծիքն ունեն՝ պետք է զենքը վայր դնել և խնդիրների լուծման համար բանակցել:
Այս մասին նրանք հայտարարեցին լրագրողների հետ հանդիպման ժամանակ:
Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանի խոսքով՝ ամեն օր մի բան է լինում, որը ցնցում է մեր երկիրը. «Ես կարդացի մտավորականների հայտարարությունը, այնտեղ ճիշտ էր ասված, ես համաձայն եմ, որ մեզ խաղաղություն է պետք, սոսկալի բան է, երբ արյունահեղություն է լինում նույն ազգի մարդկանց միջև: Ամեն ինչ պետք է անենք, որ արյունահեղություն չլինի»:
Ռոբերտ Ամիրխանյանի կարծիքով՝ մղձավանջը պետք է ավարտվի, որից հետո, պետք մտածել հայրենիքը շենացնելու և մեր հայրենիքն առավել հզոր տեսնելու համար. «Ես չեմ կարող մեղադրել որևէ մեկին իր քայլի համար, ես դատավորը չեմ, սակայն տեսնում եմ, թե չորս կողմը որքան են ուրախացել Հայաստանում ստեղծված իրավիճակի համար, և մենք որքան կուրախանայինք, եթե նույնը լիներ Թուրքիայում կամ Ադրբեջանում: Մենք էլ կուրախանայինք և կմտածեինք օգտվել առիթից և էլ ավելի դժվարացնել նրանց կյանքը»:
Tert.am-ի հարցին, թե մտավորականների նամակից հետո հանրությունը հարց է հնչեցնում, թե ինչու է կոչ արվում միայն «Սասնա ծռեր» խմբի տղաներին, և ոչ նաև իշխանությանը, Ռոբերտ Ամիրխանյանն ասաց. «Նախ պետք է հորդորել ու կոչ անել այն մարդուն, ով զենք է բարձրացրել: Համոզված եմ, որ զենքը իջեցնելուց հետո կդիմենք իշխանություններին և բանակցությունները տեղի կունենան: Մարդ է մահացել, ի վերջո, պետք է զենքը վայր դնել»:
Դիտարկմանը, թե արդյոք զենքերի վայր դրման համար իշխանության կողմից երաշխիքներ պետք չեն, Մկրտիչ Մինասյանն ասաց, որ հնարավոր է բանակցություններն այդ ուղղությամբ էլ վարվում են. «Երևի այդ բանակցությունները հենց դրա համար էլ ընթանում են:Մենք ոչ մի տեղեկություն չունենք, որովհետև մեր տեղեկանալը կարող խանգարել բանակցությունների ընթացքին»: