Եվրո-2016. Գրիզմանի դուբլը Ֆրանսիային դուրս է բերում եզրափակիչ (լուսանկարներ, տեսանյութ)
Եվրոպայի 2016թ. առաջնության կիսաեզրափակչում Գերմանիայի ընտրանին «Վելոդրոմ» մարզադաշտում ընդունեց Ֆրանսիայի հավաքականին:
Հանդիպումն ավարտվեց նոմինալ հյուրերի հաղթանակով: Դիդյե Դեշամի սաները երկու անպատասխան գնդակ ուղարկեցին գերմանացիների դարպասը:
Խաղի հաշիվը բացվեց առաջին խաղակեսի վերջնամասում: Գերմանացիների կիսապաշտպան Բաստիան Շվայնշտայգերը սեփական տուգանային հրապարակում ձեռքով խաղալու պատճառով պատժվեց նշանակված 11 մետրանոցով:
Այն անվրեպ իրացրեց Անտուան Գրիզմանը, ով կարողացավ նաեւ կրկնապատկել հանդիպման հաշիվը: Երկրորդ խաղակեսի միջնամասում Գերմանիայի ընտրանու տուգանային հրապարակում նա օգտվեց խառնաշփոթ իրավիճակից եւ գնդակն ուղարկեց Մանուել Նոյերի պաշտպանած դարպասը:
Չնայած խաղավարտի վերջնամասում գերմանացիների ակտիվ գրոհներին՝ խաղն ավարտվեց 2:0 հաշվով, որն էլ թույլ տվեց Ֆրանսիայի ընտրանուն դուրս գալ մրցաշարի եզրափակիչ փուլ:
Այսպիսով, Ֆրանսիայի հավաքականը եզրափակչում կմրցի Պորտուգալիայի ընտրանու հետ: Հանդիպումը կկայանա հուլիսի 10-ին:
Մրցող թիմերը խաղադաշտ դուրս եկան հետեւյալ մեկնարկային կազմերով.
Գերմանիա - Նոյեր, Հեկտոր, Հոյվեդես, Շվայնշտայգեր, Օզիլ, Դրաքսլեր, Մյուլեր, Ջան, Բոատենգ, Կրոս, Կիմիխ
Ֆրանսիա - Լյորիս, Էվրա, Գրիզման, Պայե, Ժիրու, Մատյուիդի, Պոգբա, Սիսոկո, Սանյա, Կոսիելնի, Յումտիտի
Գերմանիա-Ֆրանսիա՝ 0:2
Գոլերը՝ Գրիզման (45, 11 մետրանոց, 72)