Ռուբեն Սաֆրաստյան. Պետերբուրգյան հանդիպումը –փոքր քայլ էր ճիշտ ուղղությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի Սանկտ-Պետերբուրգում կայացած հանդիպման ընթացքում արվել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման ճիշտ ուղղությամբ նփոքրն քայլ: Այս մասին հունիսի 21-ին Երևանում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Ռուբեն Սաֆրաստյանը:
Նրա խոսքով, այդ փոքր քայլը հակամարտության գոտում միջազգային դիտորդների թվի ավելացման մասնին պայմանավորվածությունն էր: Բայց նա խորհուրդ է տալիս չմոռանալ Ադրբեջանի ապակառուցողական մոտեցումների մասին, որը երկար տարիներ խոյահարում էր բանակցային գործընթացը: «Դժվար է հավատալ, որ Ալիևը կհրաժարվի նման քաղաքականությունից, սակայն, այդ պայմանավորվածությունը հույսեր է ներշնչում»,-նշել է նա: Փորձագետը հույս է հայտնել, որ կներդրվեն նաև շփման գծում տեղի ունեցող միջադեպերի հետաքննության մեխանիզմներ, որոնք կբարձրացնեն անվտանգության մակարդակը հակամարտության գոտում:
Իր հերթին, ՀՅԴ «Հայ Դատի» և քաղաքական հարցերով գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը նշել է, որ հանդիպման արդյունքները հիմնականում դրական էին: «Մնում է միայն հուսալ, որ ձեռք բերվեծ պայմանավորվածությունները կյանքի կկոչվեն»,-ընդգծել է նա: Կիրոյանը նաև հավելել է, որ միջազգային դիտորդների թվի ավելացումն արդեն ենթադրում է միջադեպերի հետաքննության մեխանիզմների ստեղծում: «Չեմ կարծում, որ դիտորդները մատնված կլինեն անգործության, նրանց ֆունկցիան առայժմ ճշգրռված չէ»,-նշել է նա:
Մանոյանը նաև մտահոգություն է հայտնել, որ բանակցությունների հաջորդ փուլում, երբ կքննարկվի երկարաժամկետ լուծման հարցը, միջազգային հանրությունը ճնշումներ կգործադրի հայկական կողմի վրա: «Հնարավոր է, որ դա արվի հակամարտության համապարփակ լուծման համար, առանց համաձայնեցնելու հիմնական սկզբունքները: Այսինքն, մադրիդյան սկզբունքների վրա հիմնված փաթեթային լուծումը կարող է վերածվել վերջնական լուծման, ինչը մեզ համար ընդունելի չէ, ու նաև ձեռնտու չէ»,-նշել է նա: Մանոյանը հույս է հայտնել նաև, որ հայկական կողմը կցուցաբերի կոշտ դիրքորոշում և կկարողանա դիմակայել ճնշումներին:
Հիշեցնենք, որ Սանկտ Պետերբուրգում հունիսի 20-ին կայացած եռակողմ հանդիպման ընթացքում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինը, Սերժ Սարգսյանը և Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել: Փաստաթղթում նշվում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարները հաստատել են մայիսի 16-ին Վիեննայում կայացած վերջին հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները՝ ուղղված հակամարտության գոտում իրավիճակի կայունացմանն ու խաղաղ կարգավորման առաջընթացին նպաստող մթնոլորտի ձևավորմանը: Այդ նպատակով նրանք պայմանավորվել են, մասնավորապես, ավելացնել հակամարտության գոտում միջազգային դիտորդների թիվը: