Թիվ 83 մանկապարտեզում դրամահավաքի մասին խոսք չի եղել. Մալաթիայի թաղապետարանի պաշտոնյա
Tert.am-ի տեղեկություններով Մալաթիա վարչական շրջանի թիվ 83 մանկապարտեզի տնօրեն Գայանե Մալյանը կոյուղին մաքրելու պատճառաբանությամբ ծնողներից և մանկապարտեզի աշխատակիցներից գումար է հավաքել՝ համապատասխանաբար 200-ական և 1000-ական դրամ:
Թիվ 83 մանկապարտեզի տնօրենը հերքեց շրջանառվող լուրերը, նա ասաց, մաքրման աշխատանքներն իրականացրել է թաղապետարանը։ «Մանկապարտեզում դրամահավաք չի եղել, ամեն ինչ արվել է թաղապետարանի կողմից»,-ասաց նա:
Մալաթիայի թաղապետարանի կրթության բաժնի պետ Լիանա Դավթյանը Tert.am-ի հետ զրույցում բացառեց դրամահավաքության դեպքերը, սակայն խոստացավ ուսումնասիրություն անցկացնել մանկապարտեզում։
«Մանկապարտեզներում շատ խիստ բացառվում է դրամահավաքությունը, առավել ևս կոմունալի հետ կապված, որովհետև եթե կոմունալի հետ կապված խնդիրներ ենք ունենում, տնօրենը կապվում է բաժնի հետ և թաղապետի հանձնարարականով կոմունալի աշխատակիցները գնում են մանկապարտեզ և խնդիրները վերացնում են»,-ասաց Դավթյանը:
Դիտարկմանը, թե հնարավոր չի՞ համարում այն, որ տնօրենը դրամահավաքություն է իրականացրել՝ պատճառաբանելով կոյուղու մաքրման աշխատանքները, թաղապետարանի կրթության բաժնի պետը կրկին բացառեց, ասելով, որ նման դեպքերում տնօրենը շատ խիստ պատժվում է:
Նա նշեց, որ լինում են դեպքեր, երբ թեժ գծի զանգերի հետքերով գնում են, զանգում են ծնողներին և տեսնում, որ իրականությանը չի համապատասխանում:
Այսօր Մալաթիայի թաղապետարանի կրթության բաժնից Tert.am-ին հայտնեցին, որ ուսումնասիրություն է տարվել մանկապարտեզում. «Առավոտյան այցելել ենք մանկապարտեզ, ծնողներին հարցումներ ենք արել, դրամահավաքության մասին խոսք չի եղել»:
Նշենք, որ մանկապարտեզն ունի 29 աշխատակից և 192 սան: