Մասնագետներն արքայախնձորի տերևներից կաշի են ստեղծել
Կենդանական ծագման կաշվի համար ստեղծվել է ուշագրավ այլընտրանքային միջոց, որն էկոլոգիապես մաքուր է ու պատրաստվում է սովորական արքայախնձորի տերևներից:
Ինչպես նշում է Oddity Central-ը, նորույթը ստացել է Piñatex անվանումն ու, աղբյուրի բնորոշմամբ, իրենից ներկայացնում է բուսական ծագման կաշի:
Այս նորույթը ֆիլիպինյան Ananas Anam ընկերության գյուտն է: Այն ստեղծելու համար ընկերության հիմնադիր Կարմեն Հիխոսան ու նրա գլխավորած գիտական թիմի մասնագետները 1990-ական թվականներից ի վեր ուսումնասիրություններ են արել:
Աղբյուրը մանրամասնում է, որ այն ստեղծվում է արքայախնձորի տերևների վերամշակված մանրաթելերից: Արդյունաբերական գործընթացով անցած կաշվին կարելի է տարբեր աստիճանի հաստություն տալ: Հետաքրքրական է, որ 1 քմ մակերեսով ու միջին հաստությամբ Piñatex արտադրելու համար պահանջվում է արքայախնձորի 480 տերև:
Նշվում է, որ Piñatex-ը ներկայում կատարելագործման փուլում է ու դեռևս պատրաստ չէ լայն սպառման շուկա մտնելու համար: