Դժվար է ակնկալել, որ Ալիևը չի շարունակի իր քաղաքականությունը, որի նպատակն է վիժեցնել խաղաղ գործընթացը. Ռուբեն Սաֆրաստյան
Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանն այսօր մամուլի ասուլիսին, անդրադառնալով երեկ կայացած Սարգսյան-Ալիև հանդիպմանը, նշեց, որ Սանկտ Պետերբուրգում արվել է շատ փոքր քայլ, բայց ճիշտ ուղղությամբ: Նա նշեց, որ թեև անորոշ է՝ որքանով են ավելացնելու դիտորդները, ինչ ֆինանսավորմամբ, սակայն պետք է սպասել, որ այդ ուղղությամբ քայլերն ավելի հստակ լինեն:
Ամեն դեպքում Ռուբեն Սաֆրաստյանն ասաց, որ չպետք է մոռանալ, որ գործ ունենք Ադրբեջանի հետ, որն անկանխատեսելի է: «Ադրբեջանն ամեն կերպ աշխատում է խաղաղ գործընթացի վրա ազդել։ Դժվար է ակնկալել և հույս ունենալ, որ Ալիևը չի շարունակի իր քաղաքականությունը, որի նպատակն է վիժեցնել խաղաղ գործընթացը»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է Ռուսաստանի գործոնին, ապա Սաֆրաստյանն ասաց, որ ՌԴ-ն ակնհայտորեն փորձում է խաղաղ գործընթացի նախաձեռնությունը որոշ չափով իր վրա վերցնել և այս հանդիպման առաջընթացը դիտորդների թվի ավելացումն էր:
Անդրադառնալով Ադրբեջանի ԵՏՄ-ի մեջ ներառելու հավանականությանը՝ Ռուբեն Սաֆրաստյանն ասաց, որ Ռուսաստանը, թեև ձգտում է դրան, բայց մյուս կողմից էլ կարծում է, որ Ադրբեջանը չի գնա դրան, քանի որ արդյունքում իր նավթի և գազի պաշարների եկամուտների օգտագործումը կսահմանափակվի: