Գերմանիան ու Լեհաստանը ոչ-ոքի խաղացին և Ուկրաինային զրկեցին փլեյ-օֆֆի շանսերից
Եվրոպայի առաջնության խմբային փուլի 2-րդ տուրի հերթական խաղային օրն ավարտվեց C խմբի Գերմանիա – Լեհաստան հանդիպումով: Խաղն ավարտվեց ոչ-ոքի 0:0 հաշվով:
Գերմանացիներն ակտիվ սկսեցին առաջին խաղակեսը: Մարիո Գյոտցեն ու Տոնի Կրոսը մեկական անգամ նպաստավոր դիրքերից հարվածներ կատարեցին, սակայն երկու դեպքում էլ գնդակը շեղ ընթացավ: Խաղակեսի միջնամասում լեհերը հավասարեցրին խաղը և այդ տեմպը պահպանեցին մինչև ընդմիջում:
15 րոպեանոց հանգստից հետո լեհերն անմիջապես կարող էին հաշվի մեջ առաջ անցնել, սակայն Արկադիուշ Միլիկը հիանալի դիրքից շեղ հարվածեց: «Բունդեսթիմի» պատասխանը հետևեց վայրկյաններ հետո. Գյոտցեի հարվածից հետո Ֆաբիանսկին փրկեց իր թիմին: 20 րոպե անց Միլիկը կարող էր 11 մետրանոց նշակետի մոտից անարգել հարված կատարել, բայց վրիպեց: Դա բերեց գերմանացիների հերթական արագ գրոհին, որն ավարտվեց Օզիլի հիանալի հարվածով ու Ֆաբիանկսկու հերթական սեյվով: Խաղավերջում լուրջ գոլային պահեր չառաջացան:
Այս արդյունքից հետո երկու թիմերն էլ վաստակեցին 4-ական միավոր և շարունակում են գլխավորել C խմբի մրցաշարային աղյուսակը: Այսպիսով, մեկնարկային 2 տուրերում կրած պարտություններից հետո Ուկրաինայի հավաքականը կորցրեց նույնիսկ 3-րդ տեղը գրավելու և փլեյ-օֆֆ մտնելու շանսերը:
Թիմերը խաղադաշտ էին մտել հետևյալ մեկնարկային կազմերով.
Գերմանիա – Մանուել Նոյեր, Յոնաս Հեկտոր, Բենեդիկտ Հյովեդես, Մաթս Հումելս, Ջերոմ Բոատենգ, Սամի Խեդիրա, Տոնի Կրոս, Մեսութ Օզիլ, Յուլիան Դրաքսլեր, Թոմաս Մյուլեր, Մարիո Գյոտցե.
Լեհաստան – Լուկաշ Ֆաբիանսկի, Լուկաշ Պիշչեկ, Միխալ Պազդան, Արթուր Յենջեյչիկ, Կամիլ Գլիկ, Կրիշտոֆ Մոնչինսկի, Գրժեգոշ Կրիխովյակ, Կամիլ Գրոսիցկի, Յակուբ Բլաշիկովսկի, Արկադիուշ Միլիկ, Ռոբերտ Լևանդովսկի.
Եվրոպայի առաջնություն. C խումբ
«Ստադ դե Ֆրանս» մարզադաշտ
Գերմանիա – Լեհաստան` 0:0