Կամ միասին կփոխենք մեր կյանքը, կամ վատ կլինի բոլորիս համար. Վահե Հովհաննիսյանը «Համախմբման» անելիքների մասին
Հայաստանի զարգացման, անվտանգության հեռանկարի և կարևորագույն այլ հարցերի վերաբերյալ «Համախմբում»-ն ընդհանուր պատկերացումներ ունի նաև քաղաքական այլ ուժերի հետ:
Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց ԱԺ պատգամավոր, «Համախմբում» կուսակցության նախաձեռնության անդամ Վահե Հովհաննիսյանը:
Նա հավաստիացրեց, որ «Համախմբում»-ը երբեք չպետք է դառնա մեկ անձի շուրջ համախմբված կուսակցություն և ինքն անելու է իրենից կախված ամեն ինչ, որ համախմբումը կայանա ընդհանուր պատկերացումների, ընդհանուր արժեքների տեսլականների հիման վրա: Սա, Վահե Հովհաննիսյանի խոսքով, թույլ կտա չվերածվել աղանդի, այլ՝ դառնալ քաղաքակիրթ կուսակցություն, քաղաքական բևեռ:
Վահե Հովհաննիսյանը շեշտեց նաև, որ «Համախմբում»-ը չպետք է սպասարկի որևէ անհատի շահ, կուսակցության քաղաքականությունը պետք է լինի բաց ու կանխատեսելի:
«Հռետորաբանության ու ձևակերպումների մեջ կոռեկտ լինել է պետք: Իմ՝ նախորդ տարիների քաղաքական փորձը ցույց է տվել, որ ամենառադիկալ, ամենաամպագոռգոռ, ամենաչկշռադատված տեսակետների ու քայլերի կողմնակիցները` լինեն դրանք անհատներ թե միավորումներ, իրավիճակի փոփոխության դեպքում առաջինն են հայտնվում իշխանության կողքին ու հավատարմության երդումներ տալիս: Իսկ խելամիտ, հավասարակշիռ, թեկուզ կոշտ, բայց սկզբունքային տեսակետներ ունեցողները որպես կանոն շարունակում են մնալ այդպիսին` անկախ իրավիճակի փոփոխությունից, անկախ կուսակցությունից»,- նշեց նա:
Հարցին՝ այս անգամ կհաջողվի՞ ինչ-որ բան անել, Վահե Հովհաննիսյանն ասաց, թե իրեն այդ հարցադրումն անում են բոլորը՝ ծանոթները, անծանոթները, ընկերները, բարեկամները, իշխանության տարբեր օղակներում աշխատողները, հարուստները, մեծահարուստները, սոցիալական վատ վիճակում գտնվողները: Բուն հարցին պատասխանելով՝ պատգամավորն ասաց, թե միայնակ ոչինչ անել չեն կարող:
«Դիտորդների և հարցնողների մեծաթիվ բանակը պետք է հասկանա, որ բարձրացվող խնդիրները բոլորինս են, երկրի անվտանգության, տնտեսության զարգացման, արդարության խնդիրը և այլն՝ ընդհանուր են: Կամ մենք միասին կփոխենք մեր կյանքը ու միասին՝ գրագետ, քայլ առ քայլ կփոխենք ու կզարգացնենք Հայաստանը, կամ վատ կլինի բոլորիս համար` առանց բացառության»,-նշեց Վահե Հովհաննիսյանը:
Ինչ վերաբերում է անձամբ իրեն, ապա կուսակցության նախաձեռնության անդամը նշեց, որ իր խնդիրը հաջորդ ընտրություններում պատգամավոր դառնալը չէ:
«Դրա համար շատ ավելի հեշտ ճանապարհներ կան: Ավելին` այսօրվա պայմաններում ես ցանկություն չունեմ կրկին պատգամավոր լինելու: Իսկ իմ թիմակիցներին կոչ կանեմ՝ իսկապես ավելի լայն նայել խնդրին: Այդպես մենք ավելի վստահ կլինենք, իսկ մեր ասելիքը՝ շատ ավելի հիմնավոր ու համոզիչ»,- վստահեցրեց պատգամավորը: