Հայաստանում տարածված ալերգենը գտնվում է այն խմբում, որը բուժելի տեսակ է. ալերգոլոգ
Գարնան հետ սկսում են այն ալերգիաները, որոնք սովորաբար արտահայտվում են հարբուխի երևույթներով, աչքի, քթի քորով, փռշտոցով, կոկորդի, ականջի քորով, և այս երևույթները կարող են տևել ամիսներ: Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսին ասաց Արաբկիր բժշկական համալիրի հանրապետական մանկական ալերգոլոգիական դիսպանսերի պատասխանատու, ալերգոլոգ Աստղիկ Բաղդասարյանը:
«Հայաստանում ամենատարածված ալերգենը մարգագետնային խոտերի խառնուրդն է, դրանց սեզոնայնությունը տևում է ապրիլից մինչև սեպտեմբեր, հետևաբար մարդկանց մեծ մասն ախտանիշներն ունենում է այս ամիսների ընթացքում»,- ասաց ալերգոլոգը:
Ըստ մասնագետի՝ քանի որ ալերգիաները ներկայումս չեն համարվում անբուժելի խնդիր և Հայաստանում ևս հասանելի են վերջնական բուժման դեղորայքները, իրենք հիվանդներին առաջարկում են և՛ վերջնական, և՛ ժամանակավոր լուծում:
«Ավելի հաճախ սեզոնային ալերգիաները սկսում են հենց մանկական տարիքում, վաղ հասակում երեխաներն ունենում են ատոպիկ դերմատիտ կոչվող երևույթը, որն արտահայտվում է մաշկի չորությամբ, այտերի կարմիրությամբ, գլխի շրջանում թեփով: Այդ երեխաները հակում ունեն ավելի ուշ ձեռք բերելու այլ ալերգիկ հիվանդություններ»,-ասաց ալերգոլոգը։
Նա նաև նշեց, որ նման երեխաներին նշանակում են մաշկի խնամք, իսկ դպրոցական տարիքում արդեն անհրաժեշտ է լինում հետազոտություն անցնել, ճշտելու, թե կոնկրետ որ ալերգենների նկատմամբ գերզգայություն ունի տվյալ երեխան:
Մասնագետի հավաստմամբ՝ բուժումը կամ կանխարգելելը կախված է ալերգենի տեսակից. Հայաստանում տարածված ալերգենը գտնվում է այն խմբում, որը բուժելի տեսակ է: Աստղիկ Բաղդասարյանի խոսքով՝ ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում տենդենց կա, տարեցտարի ալերգիաները շատանում են:
«Ալերգիայի տարածման վերաբերյալ տարբեր տեսություններ կան, և ներկայումս ամենատարածված տեսությունը հիգիենայի տեսությունն է: Ալերգիան իմուն համակարգի սխալ պատասխանն է օտարածին մասնիկներին: Մեր իմուն համակարգը նախատեսված է միկրոբների կամ այլ օտարածին մասնիկների դեմ պայքարելու համար: Եվ եթե մենք, այսպես ասած, պարապ ենք թողնում իմուն համակարգին, և երեխան մեծանում է իդեալական, ստերիլ միջավայրում, նրա օրգանիզմը հնարավորություն չի ունենում շփվելու տարբեր բակտերիաների հետ, իմուն համակարգը սկսում է զարգանալ սխալ ուղղությամբ և ալերգիկ պատասխան է տալիս»,- տեղեկացրեց ալերգոլոգը։
Նա նաև նշեց, որ պետք է երեխային թույլ տալ մեծանալ բնական միջավայրում՝ միաժամանակ նրան զերծ պահելով աղիքային վարակներից: