Վենեսուելայում շաքարի պակասի պատճառով կդադարեցվի Coca-Cola-ի արտադրությունը
Գազավորված ըմպելիք արտադրող Coca-Cola FEMSA մեքսիկական ընկերությունը հայտնել է, որ բաղադրիչների անբավարարության պատճառով Վենեսուելայում գտնվող իր գործարանները մոտ ապագայում կարող են դադարեցնել նույնանուն ըմպելիքի արտադրությունը, հայտնում է El Economista-ն։
Ներկայում ընկերությունն աշխատում է շաքարի սուր անբավարարության պայմաններում, որը կարևոր բաղադրիչն է ըմպելիքի պատրաստման համար։ Մատակարարները գրեթե դադարել են ապրանքի նոր խմբաքանակ մատակարարել՝ հումքի բացակայության պատճառով։
Coca-Cola FEMSA-ն երկրում 4 գործարան ունի, որտեղ աշխատում է 7.300 վենեսուելացի, նշում է El Economista-ն։
Վերջին տարիներին Վենեսուելան պարենի սուր անբավարարություն ունի։ Երկրի ԱԳՆ-ն ԱՄՆ իշխանություններին է մեղադրել դրանում՝ հայտարարելով, որ ամերիկացիներն են ստեղծում ապրանքների արհեստական դեֆիցիտ։ Կառույցի համաձայն՝ այդկերպ Վաշինգտոնը ցանկանում է քաղաքացիների զայրույթն առաջացնել ու պետական հեղաշրջում իրականացնել երկրում։