EgyptAir-ի կործանված ինքնաթիռում աղետից րոպեներ առաջ ծուխ է գրանցվել. լրատվամիջոցներ (տեսանյութ)
EgyptAir ավիաընկերության MS804 չվերթի ինքնաթիռում աղետից րոպեներ առաջ ծուխ է գրանցվել, հայտնում է The Guardian-ը:
Առցանց հրապարակված թռիչքի տվյալների համաձայն՝ ինքնաթիռը ծխի հայտնաբերման մասին ազդանշան է փոխանցել Միջերկրական ծովն ընկնելուց րոպեներ առաջ:
Acars ավիացիոն կապի համակարգի համաձայն՝ ծուխը գրանցվել է օդանավի զուգարանում և էլեկտրոնիկայում: Acars-ը պարբերաբար տվյալներ է փոխանցում օդանավերին սարքավորումների վիճակի մասին: Նախազգուշացումները փոխանցվել են տեղի ժամանակով գիշերը ժամը 2:26-ին՝ դիսպետչերների՝ ինքնաթիռի հետ կապը կորցնելուց րոպեներ առաջ, հայտնում է AFP լրատվական գործակալությունը:
Այնուամենայնիվ, ԱՄՆ համապատասխան ծառայությունների պաշտոնական ներկայացուցիչն այդ հաղորդագրությունը որպես չհաստատված լուր է մեկնաբանել:
Եգիպտոսի «Ալ-Ահրամ» թերթի պորտալը, վկայակոչելով հետաքննությանը մոտ աղբյուրի, հայտնում է, որ Եգիպտոսի զինվորականները, որոնք Միջերկրական ծովում փնտրում և հավաքում են կործանված ինքնաթիռի բեկորները, նախնական պարզել են ինքնաթիռի «սև արկղերի» գտնվելու վայրը: Աղբյուրի խոսքով՝ դրանք փնտրում են սուզանավերը, ինչպես նաև հատուկ սարքավորումներ ունեցող Եգիպտոսի ռազմածովային նավատորմի նավերը:
Հիշեցնենք, որ Փարիզից Կահիրե թռչող EgyptAir ավիաընկերության ուղևորատար ինքնաթիռն անհետացել է ռադարների էկրաններից լույս մայիսի 19-ին՝ Եգիպտոսի ափերից մոտ 280 կիլոմետր հեռավորության վրա: A320-ում եղել է 56 ուղևոր և անձնակազմի տասը անդամ: Ինքնաթիռը դուրս է եկել Շառլ Դը Գոլի անվան օդանավակայանից:
Միջերկրական ծովում հայտնաբերվել են EgyptAir ավիաընկերության անհետացած ինքնաթիռի բեկորները։ Դրանք հայտնաբերել են Եգիպտոսի զինված ուժերը: