Գիտնականները փորձում են վերականգնել Վերածննդի հանճար Լեոնարդո դա Վինչիի գենոմը
Գիտնականների միջազգային խումբը հայտարարել է Լեոնարդո դա Վինչիի կորած մնացորդները փնտրելու ծրագրի մասին, որից մտադիր են վերստեղծել մեծագույն գյուտարարի և նկարչի գենոմը:
Lenta.ru-ի հաղորդմամբ` նախագծի ճանապարհային քարտեզը ներկայացված է Gizmodo կայքում:
«Լեոնարդո» նախագծին մասնակցում են գենետիկաբաններ, ծագումնաբաններ, հնագետներ, արվեստի պատմաբաններ Եվրոպայից և ԱՄՆ-ից:
Աշխատելով Լեոնարդոյի նկարների և սևագրերի հետ, ինչպես նաև ուսումնասիրելով ներկայում ապրող նրա ազգակիցների ԴՆԹ-ն` գիտնականները մտադիր են նոր տեղեկություն ստանալ Վերածննդի դարաշրջանի հանճար դա Վինչիի կյանքի, արտաքին տեսքի, սննդակարգի և գենետիկական հատկությունների մասին: Ծրագրի նպատակն է հանճարի գենոմի առավելագույնս ամբողջական վերականգնումը:
Լեոնարդոյի հորական գծի ծննդաբանությունն արդեն մասնակիորեն վերականգնվել է, այժմ նմանօրինակ աշխատանք է տարվում` վերստեղծելու մայրական գիծը:
Համարվում է, որ դա Վինչին հուղարկավորված է Ֆրանսիայի Ամբուազ թագավորական ամրոցի Սբ Գուբերի մատուռում: