Քոչարյանն այսօր Վանաձորում էր, հանդիպեց բնակիչների հետ
Տաշիրցի Լև Աբասյանը առաջիններից էր, որ եկել ու վանաձորյան դահլիճում սպասում էր «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանին:
Վանաձորցի Սիլվա Կազազյանն էլ եկել էր այն համոզմամբ, որ երկրորդ նախագահի վերադարձով քաղաքի տասնամյակներով լռած գործարանները նորից շունչ կառնեն. «Բոլոր գործարաններին ինքը հրաման տվեց, ճիշտ է, սեփականաշնորհած է, բայց պետք է իրենց հզորությունների առնվազն 10 տոկոսի չափով աշխատեն, և բոլորը աշխատեցին, և աշխատավարձի ժամկետանց պարտքերը վերացավ։ Ամեն դեպքում ինքը վերականգնեց Հայաստանին ու աճացրեց, զարգացրեց»։
Երկրորդ նախագահին սպասում էին նաև շնիկով: Տիկինը, որ չցանկացավ ներկայանալ, անսահման երախտապարտ էր նախկին նախագահին աղետից հետո տուն ստանալու համար: Թեև Քոչարյանի օրոք աղետի գոտու վերականգնման ծրագրերի իրագործումը, շինարարության որակն ու արդյունավետությունը մինչ օրս քննադատության թիրախում են, իսկ նրա ստացած սերտիֆիկատը նույնիսկ ծայրամասում տուն գնելուն չէր բավականացրել, կինը Քոչարյանին համարեց անփոխարինելի առաջնորդ:
Իսկ նախընտրական հանդիպման առանցքում իշխանությունների կոշտ քննադատությունն էր: Քոչարյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հասցեին հնչեցրեց սուր ու վիրավորական գնահատականներ՝ նրան անվանելով սպառնալիք երկրի համար:
Խոսեց նաև Վանաձորի արդյունաբերական հսկայի՝ Քիմգործարանի մասին, որն արդեն 15 տարի է՝ սնանկացման ու փակման փակուղում է: Քոչարյանը շեշտեց արտադրության կարևորությունը, սակայն այդպես էլ չհստակեցրեց, թե ինչո՞ւ հենց իր պաշտոնավարման տարիներին չհաջողվեց կանխել գործարանի անկումը: 2000-ականներին այն մեծ ընդհատումներով է աշխատել, 2011-ին վերջնականապես փակվել՝ մեծ պարտքերով ու սնանկացած:
«Այսօր չեն աշխատում, ես այն ժամանակ շատ ակտիվ փորձում էի աշխատացնել, մասամբ որոշ արտադրամասեր այն ժամանակ աշխատեցին: Հետո այդ ամեն ինչը փակվեց, պետք է փորձենք աշխատատեղեր ստեղծել, հաշվի առնելով ձեր բնությունը, պիտի փորձենք ամեն ինչ անել, որ նաև դառնա լուրջ տուրիստական կենտրոն», - նշեց Քոչարյանը:
Քաղաքացիներից մեկի հարցին, թե ընտրվելու դեպքում որո՞նք են լինելու առաջին երեք քայլերը, Քոչարյանն առանձնացրեց անվտանգությունը, համաչափ զարգացումն ու թունավոր մթնոլորտի վերացումը. «Անվտանգություն, տնտեսությունը, բայց ոչ միայն զուտ տնտեսությունը, այլ տնտեսությունը կապել երկրի համաչափ զարգացման հետ, և երրորդը՝ վերացնել այն մթնոլորտը, որը այսօր թունավորում է յուրաքանչյուր Հայաստանի Հանրապետության քաղաքացու»։
Աղետի գոտու խնդիրն այսօր էլ արդիական էր. Բնակիչներից մեկը հիշեցրեց՝ պետական ֆոնդը վերականգնվել, բայց գյուղերում դեռ 88-ի երկրաշարժից տուժած 600 ընտանիք փոխհատուցման է սպասում: Երկրորդ նախագահը, ում օրոք եղել են վերականգնման հիմնական ծրագրերը, զարմացավ՝ նշելով, թե տեղյակ չէր չլուծված խնդիրների մասին:
«Անկեղծ ես չգիտեի, որ 600 ընտանիք մնացել է։ Իմ ինֆորմացիայով ինձ թվացել է, թե Սպիտակում մենք ամբողջությամբ հարցը փակել ենք։ Եթե մնացել է, ուրեմն դա պարտք է մնացել։ Ես պարտք եմ Սպիտակին, այդ հարցը անպայման լուծվելու է», - ասաց Քոչարյանը։
Անդրադառնալով արտաքին քաղաքականությանը՝ Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց, թե գործող իշխանությունն ուռճացնում է պատերազմի վտանգը ընտրողներին վախեցնելու համար:
Վարչապետն ու թիմակիցները պարբերաբար զգուշացնում են՝ Ռոբերտ Քոչարյանի, Սամվել Կարապետյանի ու Գագիկ Ծառուկյանի ընդդիմադիր ուժերը փորձելու են վերանայել Հայաստանի ու Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունը, իսկ դա աղետալի պատերազմի առիթ կարող է դառնալ. «Պատերազմի վտանգը իրենք ուռճացնում են մեկ նպատակով՝ այդ մհակը ձեռքին ունենալու, ձեր կամքի վրա ազդելու վրա, ձեզ ճնշելու վրա։ Ինձ չեն վախեցնում, ձեզ են վախեցնում»։
Երկրորդ նախագահը խոստացավ ընտրվելու դեպքում երաշխավորված խաղաղություն բերել այլ երկրների ներգրավվածությամբ. «Այս իշխանությունը չի ուզում երաշխավորած խաղաղություն։ Ասում է՝ «մենք Ալիևի հետ պայմանավորվել ենք, արդեն խաղաղություն է»։ Այդպես է չէ՞ ասում։ Ասում է՝ «արդեն խաղաղություն է, ես Ալիևի հետ պայմանավորվել եմ», բայց Ալիևը վաղը, որ մտափոխվեմ, ի՞նչ ես անելու։ Իսկ ինքը ինչի՞ է ուզում այսպիսի խաղաղություն։ Քանի որ ինքն է պայմանավորվել Ալիևի հետ, այդ խաղաղությունը պարտադիր կերպով սենց սվարկայով կապված լինի իր անվան հետ, որ երբ գան ընտրական ինչ-որ ցիկլեր, ինքը կանգնի, ասի՝ «բայց այս խաղաղությունը իմ հետ է կապված»։ Խաղաղությունը փորձում է սարքել իր անձնական բրենդը։ Մինչդեռ իր անձնական բրենդը պատերազմը և արհավիրքներն են»:
Ալավերդցի դաշնակցական Ռաֆիկ Ղազինյանը հորդորեց ընտրվելու դեպքում առաջին հերթին փոխել Սահմանադրությունն ու վերադառնալ կիսանախագահական կառավարմանը: Քոչարյանը համաձայնեց: