Դիվանագիտական սկանդալ. Իսպանիան որոշել է ընդմիշտ հետ կանչել Արգենտինայից իր դեսպանին
Իսպանիան որոշել է ընդմիշտ հետ կանչել Արգենտինայից իր դեսպանին, հայտարարել է Իսպանիայի արտգործնախարար Խոսե Մանուել Ալբարեսը։
Իսպանիայի դեսպանն Արգենտինայից մեկնել էր երեկ՝ մայիսի 20-ին, սակայն սկզբում խոսվում էր միայն նրան խորհրդակցությունների համար Իսպանիա հետ կանչելու մասին։ Որոշումն ընդունվել է այն բանից հետո, երբ Արգենտինայի նախագահ Խավիեր Միլեյն Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսի կնոջը՝ Բեգոնյա Գոմեսին, մեղադրել է կոռուպցիայի համար։
«Դեսպանը մշտապես գտնվելու է Մադրիդում։ Արգենտինան կմնա առանց դեսպանի»,- հայտարարել է Իսպանիայի ԱԳՆ ղեկավարը Մադրիդում կայացած մամուլի ասուլիսում (մեջբերում է Onda Cero-ն)։
Նախօրեին հաղորդվել էր, որ Իսպանիան խորհրդակցությունների համար հետ է կանչել Արգենտինայում իր դեսպանին, ինչպես նաև ներողություն է պահանջել հարավամերիկյան հանրապետության նախագահ Խավիեր Միլեյից, որն Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսի կնոջը՝ Բեգոնյա Գոմեսին, «կոռումպացված» է անվանել։ Այս մասին հայտարարել էր Իսպանիայի արտգործնախարար Խոսե Մանուել Ալբարեսը։
«Պարոն Միլեյի պահվածքի պատճառով Իսպանիայի և Արգենտինայի հարաբերություններն ապրում են նորագույն պատմության ամենադժվար պահը: Ուստի տեղեկացնում եմ ձեզ, որ հենց նոր խորհրդակցությունների համար հետ եմ կանչել Բուենոս Այրեսում մեր դեսպանին»,- ասել էր նա մամուլի ասուլիսի ժամանակ։
Ալբարեսն ասել էր, որ «Իսպանիան պահանջում է պարոն Միլեյից հրապարակային ներողություն խնդրել», քանի որ նա անընդունելի է համարում այլ երկրի նախագահի կողմից «Իսպանիան և իսպանական կառավարության ղեկավարին վիրավորելը»։
«Իսպանական պետությունը նրան տրամադրել է բոլոր անհրաժեշտ միջոցները մեր երկրում գտնվելու ընթացքում։ Սակայն այս հյուրընկալությանը և բարի կամքի դրսևորմանը նա արձագանքել է ուղղակի հարձակումներով մեր ժողովրդավարության, մեր ինստիտուտների և Իսպանիայի վրա»,- ասել էր արտգործնախարարը։
Նա նաև ասել էր, որ տեղի ունեցածը քննարկել է ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ։
«Նա կարծում է, որ անդամ երկրի վրա նման հարձակումները նաև հարձակումներ են ամբողջ Եվրամիության վրա, և նա ինձ ասաց, որ հրապարակայնորեն կխոսի այս թեմայով», - ավելացրել էր Ալբարեսը:
Կիրակի օրը Միլեյը ելույթ էր ունեցել Մադրիդում իսպանական ծայրահեղ աջ կուսակցության՝ Vox-ի համագումարում, որտեղ նա նախատել է Սանչեսին կնոջ դեմ կոռուպցիայի մեղադրանքներին անմիջապես չպատասխանելու համար: Իսպանիա կատարած իր ուղևորության ընթացքում Միլեյը չի հանդիպել ներկայիս կառավարության ներկայացուցիչների հետ։
Ապրիլի 24-ին դատարանը հայտարարել է վարչապետի կնոջ նկատմամբ հետաքննություն սկսելու մասին՝ բիզնեսում կապեր օգտագործելու և կոռուպցիայի կասկածանքով։ Հետաքննության սկսվելուց հետո վարչապետը չեղյալ էր հայտարարել իր հանրային միջոցառումները՝ մտածելու, թե արդյոք նա կմնա՞ իր պաշտոնում: Ավելի ուշ Սանչեսը հայտարարել է, որ չի լքի իր պաշտոնը։