«Կալաբոկ» հացի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի տեսուչների կողմից վերահսկողություն է իրականացվել «Կալաբոկ» ՍՊԸ-ին պատկանող հացի արտադրամասում (Շիրակի մարզ, քաղաք Գյումրի):
Պարզվել է, որ այս արտադրամասում կոպտորեն խախտվել են օրենսդրական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերը:
Մասնավորապես՝
- արտադրամասի հատակը եղել է անհարթ, որոշ հատվածներում քայքայված,
- պատերի մակերևույթները, շինությունների դռները պատված չեն եղել անջրանցիկ, լվացվող ախտահանվող նյութերից,
- առաստաղը եղել է մրոտված, ոչ նորոգ վիճակում, չի բացառվել մասնիկների թափվելու հնարավորությունը,
- սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող աշխատասեղանները եղել են ոչ նորոգ վիճակում,
- արտադրամասը ապահովված չի եղել անձնակազմի համար նախատեսված հանդերձարանով:
Արձանագրումների հիմքով, Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ, հացի այս արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է խախտումները վերացնեու ժամկետ: