Ցանկացած գործողության համար, որը կենթադրի բախում, ամբողջ պատասխանատվությունը կրում են այդ մարդիկ․ Արամ Վարդևանյանը՝ «Հայաստան» դաշինքի և ՔՊ–ի՝ նույն օրն անցկացվելիք հավաքի մասին (տեսանյութ)
Ես տեղեկություն ունեի, որ հունիս 17–ի համար Երևանի Հանրապետության հրապարակում հավաք անցկացնելու վերաբերյալ իրազեկում է ներկայացրել իշխանության ներկայացուցիչը, այդ պատճառով այդ օրն ինքնին բացառվել էր «Հայաստան» դաշինքի կողմից։ Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսին ասաց «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը։
«Դրա համար մենք ներկայացրինք իրազեկում հունիսի 18–ի համար, սակայն նման մոտեցում չցուցաբերեց հակառակ կողմը, վերջիններս իրազեկում ներկայացրին հունիսի 18–ին և չնայած մեր կողմից դիմումով ներկայացվել էր, որ հավաքը կանցկացվի մինչև ժամը 21։00 –ը, իսկ քաղաքապետարանը որոշել էր որ 20։00–ին պետք է ավարտվի և սկսի հաջորդը»,–ասաց նա և սա համարեց սադրանք։
«Հույս պետք է հայտնեմ, որ դեռևս ուշ չէ, այդ ուժը կարող է սթափվել, զերծ մնալ սադրանքներից, իսկապես ցուցաբերել պատասխանատվության զգացում և իրենց հավաքը իրականացնել ամսի 17–ին»,–ասաց նա։
Արամ Վարդևանյանը նշեց, որ ատելության խոսքին իրենք ատելության խոսքով չեն պատասխանում, «սև ու սպիտակի» բաժանելուն նույն կերպ չեն պատասխանում, ճիշտ հակառակը՝ միասնականության, սթափվելու կոչ են անում։
«Պետք է գիտակցել, որ ցանկացած գործողություն, որն իրենից կենթադրի բախման մի իրավիճակ, դրա ամբողջ պատասխանատվությունը կրում են այդ մարդիկ և ոչ թե միայն բարոյական, այլ նաև ընդհուպ մինչև քրեաիրավական»,–ասաց նա։
Արամ Վարդևանյանը նաև նշեց, որ իրավապահներն ունեն պարտականություն՝ կանխարգելելու բախումները։ «ՀՀ ոստիկանությունը քաղաքապետարանին հորդորել է բացառել նման իրավիճակ՝ նույն վայրում այս ուժերի միջև հանրային հավաքներ, սակայն քաղաքապետարանը ծայրահեղ վտանգավոր մոտեցում է որդեգրել»,–ասաց նա։