Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև երբեք այսպիսի կոպիտ երկխոսություն չի եղել՝ փոխադարձ վիրավորանքներով, նվաստացումներով. սա նիկոլիզմի արտահայտություն է. Լևոն Տեր-Պետրոսյան
Իմանալու համար, թե ինչ է պետք ինձ, ես պետք է իմանամ Ռուսաստանի ծրագիրը, Ալիևինը գիտենք՝ ինչքան շատ, այնքան լավ, Ռուսաստանի ծրագրերը չգիտեմ ես: Ռուսաստանն իր ծրագրերը ոչ մեկին էլ չի բացահայտում: Այս մասին այսօր Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցի ժամանակ ասաց ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը:
«Ռուսաստանն այսօր Հայաստանում ունի մեկ խոսակից, դա երկրի ղեկավարն է: Ես էլ ունեմ կապեր, ես էլ հանդիպում Ռուսաստանի դեսպանի հետ, Ռոբերտն (Ռոբերտ Քոչարյան- խմբ.) ավելի շատ կապեր ունի Մոսկվայում, բայց ո՛չ ինձ կասեն, ո՛չ Ռոբերտին, այսօր Հայաստանի պատասխանատուն Փաշինյանն է, Փաշինյանին են ասում: Ես վստահ եմ՝ Փաշինյանին Ռուսաստանն ամենայն անկեղծությամբ ասում է այն, ինչ մտադիր է անել այս տարածաշրջանում և ընդհանրապես՝ Հայաստանի և Ղարաբաղի ապագայի վերաբերյալ: Փաշինյանն ուրիշ խնդիր ունի, նա անգամ չի հասկանում, թե ռուսներն իրեն ինչ են ասում: Ես այն մարդը չեմ, որ չիմացած բանի մասին կարծիք արտահայտեմ»,-ասաց նա:
Հարցին՝ եթե ռուսական կողմը դուրս գա ՀՀ տարածքից, ի՞նչ կսպասվի, ՀՀ առաջին նախագահը պատասխանեց՝ չգիտի, մարգարե չէ, բայց ամեն ինչ հնարավոր է, անգամ՝ պատերազմ. «Կրկնում եմ, որևէ մեկը թող գլուխ չգովի, թե գիտի Ռուսաստանի ծրագրերը, մի բան գիտեմ՝ նրանք հստակ ծրագրեր ունեն և ոչ կարճաժամկետ»:
Հարցին՝ պե՞տք է արդյոք, որ հիմա Թուրքիայի հետ ուղղակի հարաբերությունների մեջ մտենք, Լևոն Տեր-Պետրոսյանը պատասխանեց՝ ոչ թե հիմա, այլ վաղուց պետք է մտած լինեինք. «Ալիևն էլ է ասում՝ ձեռք քաշեք Ղարաբաղից, հենց այսօր դառնանք եղբայրներ: Հիմա մենք պիտի հաշվենք՝ երբ, ոնց, ինչպես: Պետության ղեկավարի առաջին գործը երբեք չխորամանկելն է, որովհետև ինքնախաբեություն կլինի, որ դու ավելի կարող ես խորամանկել, քան այդ հզորները, քեզ շատ լուռ կլսեն, կգովեն, հետո կգնան ու կծիծաղեն քեզ վրա: Եթե ես խորամանկեի, ինձ երբեք բանի տեղ չէին դնի: Նոր երևույթ կա, որը այլանդակ բան է, երբեք չի եղել, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև երբեք այսպիսի կոպիտ երկխոսություն չի եղել՝ փոխադարձ վիրավորանքներով, նվաստացումներով, սա չի եղել Ռոբերտի ժամանակ, Սերժի (Սերժ Սարգսյան-խմբ.) ժամանակ, սա նիկոլիզմի արտահայտություն է»: