Բառացիորեն ոչ մի հայկական ավիաընկերություն չի կարող չվերթներ իրականացնել դեպի Եվրոպա, քանի դեռ Քաղավիացիայի կոմիտեն չի կարողանա անցնել այս բարդ աուդիտը. ոլորտի մասնագետի պարզաբանումը
Քաղաքացիական ավիացիայի կոմերցիոն ոլորտի մասնագետ, «Join Armenia»-ի հիմադիր Արման Ամիրխանյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է ՀՀ քաղաքացիական կոմիտեի շուրջ վերջին օրերին ծավալվող իրադարձություններին ու պարզաբանել, թե ինչ է իրենից ենթադրում Ավիացիոն անվտանգության եվրոպական գործակալության իրականացրած աուդիտն ու կայացրած որոշումը:
Գրառումը ներկայացնում ենք ստորև.
«Ավիացիայի հարցով ցանկանում եմ ամեն ինչ իր տեղը դնել: Առաջին հերթին՝ մեր Քաղաքացիական ավիացիայի կոմիտեում աուդիտն իրականացրել է Ավիացիոն անվտանգության եվրոպական գործակալությունը (EASA): Աուդիտի արդյունքում EASA-ն հետ է կանչել բոլոր TCO (Total Cost of Ownership, Սեփականության ընդհանուր արժեքը) արտոնագրերը, որոնք տրվել են հայկական ավիափոխադրողներին: Դա նշանակում է, որ «ոչ թե մի քանի հայկական ավիաընկերություններ» են զրկվել իրավունքներից, այլ բառացիորեն ոչ մի հայկական ավիաընկերություն, որը գոյություն ունի կամ ստեղծման փուլում է, չի կարող չվերթներ իրականացնել դեպի Եվրոպա, քանի դեռ կոմիտեն չի կարողանա անցնել այս բարդ աուդիտը:
Երկրորդ Կոմիտեն և դրա աշխատակիցներն իրենց էջերում փորձում են մեղքը բարդել ավիաընկերությունների վրա: Հիշեցնեմ, որ աուդիտը չի անցել հենց կոմիտեն:
Ավիաընկերություններն իրավունքներից զրկվել են այն պատճառով, որ կոմիտեն չի անցել աուդիտը:
Երրորդ Կոմիտեն և դրա աշխատակիցներն իրենց էջերում և ԶԼՄ-ների միջոցով փորձում են մեղքը բարդեց նաև նախկին իշխանությունների վրա: Հիշեցնեմ, որ 2015 թվականին մեր կոմիտեն հիանալիորեն անցել է նմանօրինակ աուդիտը: Սա ասում եմ նրա համար, որ աուդիտը չի անցել Քաղավիացիայի կոմիտեն, որը ոչ թե երեկ, այլ երկու տարի առաջ թարմացվել է: Այդ իսկ պատճառով խելամիտ չէ փորձել բառախաղի օգնությամբ խուսափել պատասխանատվությունից՝ թերություններ վերագրելով նախկին իշխանություններին:
Չորրորդ Չեմ ցանկանում անդրադառնալ անհատներին: Չեմ ցանկանում որևէ մեկին անհատապես մեղադրել: Մեղավորներից ոմանց ես համակրում եմ, պարզապես այս կամ այն պատճառներով նրանք ճիշտ չեն հաշվարկել իրենց ուժերը: Եվ եթե քննարկելու լինեմ այս կամ այն անձանց մեղավորությունը, ապա միայն հանդիպման ժամանակ և ոչ թե սոցցանցերի միջոցով»: