Հայաստանում «թատրոն» հասկացությունը անմիջապես կապվում է պետական հովանավորչության հետ. ոլորտը զարգացնելու համար նոր օրենքների ընդունման անհրաժեշտություն կա. Ռուբեն Բաբայան
Մշակույթի ոլորտի զարգացման համար որոշ օրենքների վրա աշխատելու անհրաժեշտություն կա. այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար, ռեժիսոր Ռուբեն Բաբայանը: Նա նշեց, որ ոլորտային խնդիրները բազմաթիվ են, քանի որ Հայաստանում «թատրոն» հասկացությունն անմիջապես կապվում է պետական հովանավորչության հետ, ինչը ոչ միշտ է նպաստում թատերարվեստի զարգացմանը:
Բաբայանի խոսքով՝ անհրաժեշտ է մեկենասության և հովանավորչության մասին օրենք ընդունել, ինչը մշակույթի ոլորտին որոշակի ազատություն կտա:
Ռեժիսորը նշեց, թե մի քանի անգամ հովանավորչության և մեկենասության մասին կետը օրենքի նախագծից հանվել է՝ պատճառաբանվելով, թե Ֆինանսների նախարարությունը դեմ է դրան: «Քաղաքակիրթ աշխարհում կան ձևեր, թե ինչպես է պետությունը իրականացնում իր բյուջետավորումը: Դրանք մեկենասության և հովանավորչության մասին օրենքներն են, որոնք արվեստին հնարավորություն են տալիս զարգանալու, լինելու ավելի ազատ պետական միջոցներից, ճնշումից: Դրան ներքին մղումով պետք է ձգտեն բոլոր արվեստագետները և մշակութային օջախները»,-ասաց Բաբայանը:
Նա նշեց նաև, թե մեկենասության և հովանավորչության մասին օրենքի ներդրումը ոչ միայն ֆինանսական ներդրում է, այլև հասարակությունն ու մշակույթն իրար կապելու և հասարակության մեջ մշակույթի հանդեպ պատասխանատվություն ձևավորելու հարց:
Բաբայանի խոսքով՝ օրինակ՝ մեծ աղմուկ բարձրացրած «Մել» ֆիլմն ու «ՀուԶանք ու Զանգ» ներկայացումը, եթե պետության փոխարեն ֆինանսավորվեին համապատասխան հիմնադրամներից՝ մեկենասների և հովանավորների միջոցով, այդքան մեծ արձագանք չէր լինի: «Իսկ պետական ֆինանսավորման դեպքում խոսքը պետական մշակութային քաղաքականության մասին է: Եթե լինի այլընտրանքային հովանավորչության տարբերակը, պետությունը կարող է իր համար որոշել առաջնահերթություներն ու ֆինանսավորել հենց դրանք, բայց քանի որ այսօր չեն գործում այդ օրենքները, մենք մշտապես կհանդիպենք նման դժգոհությունների»,-ասաց Բաբայանը՝ նշելով, թե պարզ է, որ պետական ֆինանսների՝ բավարար չլինելու պատճառով մշտապես լինելու են տարարտեսակ դժգոհություններ:
Ըստ ռեժիսորի՝ մշակույթի ոլորտով զբաղվող պետական կառույցի՝ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հիմնական խնդիրը պետք է լինի համապատասխան մեխանիզմների ստեղծումը, որպեսզի մշակույթը դառնա ավելի ճիշտ զարգացող: «Թատերական արվեստում այսօր ունենք մեծ խնդիր՝ կարծրացած համակարգ: Աշխատանքի ձևն ու կառուցվածքը տարիներ շարունակ չեն փոխվում, ինչը թույլ չի տալիս, որպեսզի բնականոն ընթացք ունենա թատերարվեստը, օրինակ՝ նոր թատերախմբեր ծնվեն, զարգացում ապրեն»,-ասաց Բաբայանը:
Վերջինս ընդգծեց նաև, որ 2019-ը հաջողակ տարի էր թատերարվեստի համար. բազմաթիվ հետաքրքիր ներկայացումներ ծնվեցին տարբեր թատրոններում, վերջիններս մասնակցեցին մի քանի հեղինակավոր փառատոնների, երիտասարդներն էլ սկսում են ավելի ու ավելի որոշիչ դեր խաղալ թատերական արվեստում: