ԱՄՆ Կոնգրեսում Սուլեյմանիի սպանությունն անվանել են «սադրիչ և անհամանաչափ» գործողություն
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին «սադրիչ և անհամաչափ» է համարել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրամանով Իրաքում իրանցի գեներալ Ղասեմ Սուլեյմանիի սպանությունը, գրում է The Hill-ը:
«Թրամփի վարչակազմի սադրիչ, էսկալացիոն և անհամաչափ ռազմական գործողությունը շարունակում է վտանգի ենթարկել զինծառայողներին, դիվանագետներին և Ամերիկայի ու մեր դաշնակիցների քաղաքացիներին»,- ասված է Փելոսիի հայտարարության մեջ:
Նա նշել է, որ գործողությունն իրականացվել է «առանց Իրանի դեմ ռազմական ուժի կիրառման թույլտվության, առանց Կոնգրեսի հետ խորհրդակցությունների»:
Ընդ որում, Կոնգրեսին ուղղված համապատասխան ծանուցումը, նրա խոսքով, ավելի շատ հարցեր է առաջացնում, քան պատասխաններ:
«Այդ փաստաթուղթը լուրջ և անհետաձգելի հարցեր է առաջացնում Իրանի դեմ ռազմական գործողություն սկսելու վարչակազմի որոշման ժամկետների, կարգի և հիմնավորման վերաբերյալ: Որպես Ներկայացուցիչների պալատի խոսնակ՝ ես կրկին դիմում եմ վարչակազմին՝ կոչ անելով անհապաղ մանրամասն ճեպազրույց անցկացնել ողջ Կոնգրեսի համար՝ Իրանի հետ կապված ռազմական միջամտության և հետագա քայլերի վերաբերյալ»,- ամփոփել է խոսնակը:
Դեմոկրատները բարկացել են այն բանից, որ Սոլեյմանիի սպանությունը կարող է բորբոքել Թեհրանի հետ հակամարտությունը: Նրանք նաև դժգոհ են այն փաստից, որ Սպիտակ տունը նախօրոք իրենց չի տեղեկացրել գործողության մասին: Միևնույն ժամանակ, հանրապետականները հավանություն են տալիս Թրամփի գործողություններին: Հաշվի առնելով այն փաստը, որ Թրամփի կուսակիցները Սենատում մեծամասնություն են կազմում, Քեյնի բանաձևը շատ հնարավոր է, որ տապալվի: Սակայն հանրապետականներն իրավունք չունեն բանաձևը քննարկման չդնելու:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Սենատոր Թիմ Քեյնը Սենատի քննարկմանն է ներկայացրել բանաձև, որով առաջարկում է արգելել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ռազմական գործողություններ սկսել Իրանի դեմ`առանց Կոնգրեսի համաձայնության:
Բանաձևը ներկայացվել է ԱՄՆ-ի կողմից Բաղդադում իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանության ֆոնին:
ԱՄՆ-ի Կոնգրեսն իրավունք ունի պատերազմ հայտարարել և նախագահին թույլտվություն տալ ռազմական գործողություններ վարելու համար: Այնուամենայնիվ, գործադիր իշխանությունն ԱՄՆ-ից դուրս դե-ֆակտո կատարում է մի շարք ռազմական գործողություններ՝ դրանք հիմնավորելով Կոնգրեսի տված նախկին թույլտվություններով և ԱՄՆ քաղաքացիներին պաշտպանելու անհրաժեշտությամբ:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, Բաղդադում սպանվել է Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գեներալ Ղասեմ Սուլեյմանին: Գեներալի սպանությունից հետո, Իրանի ԱԳՆ է կանչվել Շվեյցարիայի դեսպան Մարկուս Լեյթները, որը ներկայացնում է ԱՄՆ շահերը Թեհրանում:
Հաղորդվում է նաև, որ ԱՄՆ Զինված ուժերը բարձր մարտունակության են բերվել իրանցի գեներալի սպանությունից հետո:
Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենեին խոստացել է վրեժ լուծել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ղոդս» հատուկ ստորաբաժանման ղեկավար, գեներալ Ղասեմ Սուլեյմանիի սպանության համար: