«Արդյո՞ք այսպես հնարավոր չէր». Ավետիք Իշխանյանն անդրադարձել է ԱՄՆ-ի կողմից իրանցի գեներալ Սոլեյմանիի սպանությանն ու դրան ՀՀ իշխանությունների արձագանքի բացակայությանը
«Հայաստանի հելսինկյան կոմիտե» ՀԿ-ի նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը, անդրադառնալով ԱՄՆ-ի կողմից իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանությանն ու դրան ՀՀ իշխանությունների արձագանքի բացակայությանը, ֆեյսբուքյան գրառում է արել` վերնագրելով` «Արդյո՞ք այսպես հնարավոր չէր»:
Գրառումը ներկայացնում ենք ստորև.
«Արդյո՞ք այսպես հնարավոր չէր`
Սիրելի հայրենակիցներ,
Իրանի Իսլամական Հանրապետության ռազմական գործիչ Ղասեմ Սոլեյմանիի մահը հնարավոր է` մեծ լարվածություն առաջացնի մեր տարածաշրջանում։ Եվ ես հասկանում եմ, ինչպես միջազգային, այնպես էլ հայ քաղաքագետների անհանգստությունը։ Ցանկանում եմ իմ ուղերձով վստահեցնել, որ Հայաստանի Հանրապետության ղեկավարությունն ամենայն պատասխանատվությամբ է վերաբերվում Հայաստանի և Արցախի հանրապետությունների անվտանգության հարցերին։
Մենք մշտական կապերի և կոնսուլտացիաների մեջ ենք մեր դաշնակից և գործընկեր երկրների ղեկավարությունների հետ, և վստահեցնում եմ, որ մեր քաղաքացիներն անհանգստանալու հիմքեր չպետք է ունենան, իսկ մեր հարգարժան քաղաքագետներին հորդորում եմ առայժմ զերծ մնալ այնպիսի վերլուծություններից, որոնք կարող են ավելորդ խուճապ առաջացնել հանրության շրջանում։
Եվս մեկ անգամ կրկնում եմ, Հայաստանի և Արցախի հանրապետությունների անվտանգությունը հուսալի պաշտպանության տակ է։
Շնորհակալություն ուշադրության համար։
ՀՀ վարչապետ»: