ՍԴ-ի շուրջ քաղաքական և ոչ թե իրավական գործընթաց է, իշխանությունը փորձում է բերել իր վստահորդ քաղաքական դեմքին. Անի Սամսոնյան (տեսանյութ)
Հայաստանում ինստիտուտների հավասարակշռման սկզբունքը չի գործում, դա է ապացուցում ՍԴ դատավորներին վաղ կենսաթոշակի ուղարկելու մասին օրենքի ստորագրումը ՀՀ նախագահի կողմից: «Արմնյուզ» ՀԸ «#ՕրաԽնդիր» հաղորդմանը նման կարծիք է հայտնել ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Անի Սամսոնյանը:
«Կա՛մ վարչապետն ու նախագահը համակարծիք են, կա՛մ էլ ուղղակի դժվար է հակադրվել վարչապետին, դա կհամարվի հակահեղափոխական փորձ, կհայտնվես սև դաշտում: Հեղափոխությունից հետո քաղաքական ինստիտուտները և գործընթացները խառնվել են իրար, համակարգերն իրենց բնականոն գործունեության մեջ չեն»:
Ըստ Սամսոնյանի՝ քաղաքական մեծամասնությունը մերժել է պառլամենտարիզմը, թողել սուպերվարչապետական համակարգը. «Իմ քայլը» 2015-ի սահմանադրական փոփոխություններից հետո վերահաստատեց սուպերվարչապետական համակարգը: Մենք պառլամենտարիզմի հաստատման գործնական քայլ չարեցինք, հակառակը՝ մերժեցինք այն»:
Պատգամավորի կարծիքով՝ Հայաստանի քաղաքական օրակարգը չպետք է դառնա դատաիրավական օրակարգ, փոխարենը պետք է խոսել, օրինակ, սոցիալ-տնտեսական բարեփոխումներից. «Դատավարությունները մտան օրակարգ, քանի որ այդպես էր ուզում իշխանությունը: Դրա ֆոնին ստվերվում է իշխանության վատ կառավարումը, դա ձեռնտու է նրանց»:
Անի Սամսոնյանի պնդմամբ՝ ՍԴ-ում մի քանի անձանց հետևից ընկնելը չի ենթադրում, թե մենք ունենալու ենք անկախ ՍԴ. «Այս գործընթացը պտտվում է անձերի շուրջ, իշխանությունը փորձում է հեռացնել հին քաղաքական դեմքին և բերել իր վստահորդ մեկ այլ քաղաքական դեմքի: Դա չի երաշխավորելու ազատ ՍԴ-ի գոյությունը»:
Պատգամավորի կարծիքով՝ որոշ ձեռնարկատերերի՝ Երևանի քաղաքապետարանին նվիրած գույքի գործարքներում կոռուպցիոն ռիսկեր կան: «Պետք է հասկանալ՝ ինչի դիմաց են արվել այդ նվիրատվությունները: Այդ մարդիկ ինչ-որ ծառայություններ են ստացել քաղաքապետարանից՝ շինթույլտվություն, հարկայնության բարձրացում, ինքնակամ կառույցների օրինականացում, քրգործի կարճում և այլն»,- ասել է Սամսոնյանը՝ հավելելով. «Կոռուպցիան կարող է լինել ոչ միայն նյութական օգուտ, այլև անձնական վարկանիշը փրկելու հնարավորություն»:
Ընդդիմադիր պատգամավորի պնդմամբ՝ կառավարությանն անվստահություն հայտնելու հարց իրենց օրակարգում դեռևս չունեն: «Մենք դժգոհություններ ունենք առանձին նախարարներից, օրինակ՝ Ատոմ Ջանջուղազյանից կամ Էրիկ Գրիգորյանից: Կան նաև լավ աշխատող նախարարներ, օրինակ՝ Սուրեն Պապիկյանը կամ Զարուհի Բաթոյանը: Նրանց աշխատանքը շոշափելիորեն երևում է»,- ամփոփել է Անի Սամսոնյանը:
Դավիթ Սարգսյան