ATP-ի վարկածով տարվա լավագույն թենիսիստ է ճանաչվել Ռաֆայել Նադալը
ATP-ն շարունակում է հրապարակել տարվա լավագույն թենիսիստների անունները մի շարք անվանակարգերում: Ինչպես հայտնում է Isport-ը, տարվա լավագույն խաղացող է ճանաչվել իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը, որը տարին ավարտեց համաշխարհային դասակարգման աղյուսակի առաջին հորիզոնականում:
Ընթացիկ մրցաշրջանում 33-ամյա իսպանացին հաղթել է «Ռոլան Գարոսի» մրցաշարում և ԱՄՆ-ի Բաց առաջնությունում, ինչպես նաև Հռոմի և Մոնրեալի ստուգատեսերում:
«Տարվա լավագույն նորեկ» անվանակարգում հաղթող է ճանաչվել 18-ամյա իտալացի թենիսիստ Յանիկ Սիները:
Հիշեցնենք, որ նոր մրցաշրջանը կմեկնարկի հունվարի 6-ին` ավստրալական Բրիսբենում, որտեղ կկայանա ATP գավաթի խաղարկությունը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ WTA-ի վարկածով տարվա խաղացող է ճանաչվել Էշլի Բարտին։ Ավտրալիան ներկայացնող թենիսիստուհին հաղթել է «Ռոլան Գարոսում» ու տարին ավարտել է WTA-ի վարկանշային աղյուսակի առաջատարի դիրքում։