Սիրո ու ատելության նուրբ սահմանը. վտանգավոր նախաձեռնություն
Ազգային ժողովի Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովի նիստը դեկտեմբերի 16-ին միաձայն ընդունել է ատելության խոսքի դեմ պայքարին ուղղված Հայաստանի Հանրապետության օրենսդրության բարեփոխման շուրջ քննարկումների նպատակով աշխատանքային խումբ ստեղծելու «Իմ քայլը» խմբակցության անդամ Սարգիս Խանդանյանի նախաձեռնությունը։
Չնայած այս խնդրի հետ կապված Քրեական օրենսգրքի 226-րդ հոդվածում որոշակի կարգավորումներ արդեն իսկ տրված են, սակայն կա տեսակետ, որ առկա խնդիրների ամբողջական կանխարգելման համար դրա դիսխոզիցիան բավական նեղ է:
Քաղաքակիրթ աշխարհում այս խնդիրը, թերևս, վաղուց է կարգավորված ինչպես տեղային, այնպես էլ շատ ավելի բարձր մակարդակներում, և այդ իմաստով Հայաստանն, իհարկե, հեծանիվ հորինելու կարիք չի ունենա, սակայն ողջ խնդիրն այս պարագայում այն է, թե ինչպիսի դրսևորումներ կարող է ստանալ այդ ամենը նորհայաստանյան պայմաններում՝ հաշվի առնելով ներկայումս մեր երկրի ներքին կյանքին բնորոշ առանձնահատկությունները:
Հարցերի շրջանակը, որ դեռ պետք է պարզել, այնքան էլ նեղ չէ՝ «ատելության խոսք» ասվածի չափորոշիչներից ու բնութագրիչներից մինչև օրենքի պրակտիկ կիրառման հետ կապված հարցեր ու տեղային ադապտացիա:
Ցավով պետք է արձանագրել, որ «ատելության խոսք» ասվածն այնքան էլ օտար չէ նորհայաստանյան իրականության համար: Արդարև, Հայաստանի առնվազը նորանկախ պատմության ընթացքում երբեք այնքան ատելություն չի հեղվել, որքան այս մեկ և կես տարում: Ընդ որում՝ դա տեղի է ունեցել ամենատարբեր դրսևորումների տեսքով՝ սկսած ֆեյսբուքյան հարթակում «սպիտակների» կողմից արվող հայհոյախառն մեկնաբանություններից մինչև ԱԺ բարձր ամբիոնից հաճախ հնչող սպառնալիքներ ու զանազան էպիտետներով համեմված կրքոտ ելույթներ՝ «սևերի» դեմ:
Ավելին՝ հեղափոխությունից շատ չանցած՝ իշխանությունները սկսեցին սորտավորել հայ հասարակությանը, այն բաժանել «սևերի» ու «սպիտակների», «հեղափոխականների» ու «հակահեղափոխականների», քաղաքական այլախոհները փաստացի դարձան վտարանդի կամ բանտարկյալ. սիրո ու հանդուրժողականության մասին «թավշյա» հայտարարությունները կարճ ժամանակ անց ապացուցեցին իրենց սնանկությունն, իսկ ատելությունը Նիկոլ Փաշինյանի թեթև ձեռքով արագորեն վերածվեց պողոնսերի առաջ նետվող «լափի»՝ փաստացի ենթարկվելով քաղաքական կապիտալիզացիայի:
Հետաքրքիր է, որ այս ամենով հանդերձ, որպես ատելության խոսքի դեմ պայքարող առաջամարտիկներ հանդես են գալիս նախևառաջ դրանով Հայաստանը վարակած իմքայլականները, ինչը, մեղմ ասած, ծնում է կասկածներ: Ի՞նչ է սա, իրականությունը քողարկելու, չքմեղանալու փո՞րձ, թե՞ իրականում խորքային հաշվարկի արդյունքում ի հայտ եկած պլան՝ ասենք քննադատների, ոչ իշխանամետ ԶԼՄ-ների կամ հենց քաղաքական օպոնենտների դեմ «օրենքով» պայքարելու:
Բանն այն է, որ եթե հստակորեն չսահմանվեն ատելության խոսք ասվածի չափորոշիչները կամ այնպիսի սահմանումներ տրվեն, որոնք կտան երկակի մեկնաբանության տեղիք, ապա մեծ է հավանականությունը, որ այն կարող է դառնալ հավելյալ գործիք իշխանությունների ձեռքին՝ հիմա էլ լռեցնելու առողջ քննադատությունն ու ազատ խոսքը մի դեպքում, երբ, ինչպես նշվեց, ամենաբարձր մակարդակով հնչող ատելության խոսքի պակաս երկիրը չի զգում. «ասֆալտներին փռելուն» ու «պատերին ծեփելուն» հիմա էլ լրացնելու է եկել «թաթիկներ կտրելը», և ինչ-որ բան մեզ հուշում է, որ սա դեռ սկիզբն է միայն:
Եվ ուրեմն՝ ո՞ւմ վրա է տարածվելու ատելության խոսքի հնչեցման արգելքը: Եթե իսկապես իշխանությունները երկիրը ատելության հորձանուտից դուրս բերելու նպատակ ունեն, ուրեմն՝ առաջին հերթին պետք է սկսեն հենց իրենցից՝ վերջ դնելով ատելությամբ թաթախված ամբոխավարությանն ու դեմագոգիային: Թե՞ ատելության խոսք կհամարվի ոչ թե այն, ինչ անում են իշխանությունները հիմա, այլ ասենք նրանց այդօրինակ պահվածքի ու վարքի դեմ արդարացի բողոքը: Կկիրառվե՞ն երկակի ստանդարտներ՝ ահա գլխավոր հարցը:
Մյուս կողմից՝ բացառված չէ նաև, որ օրենք դառնալու հավակնություն ունեցող նախաձեռնությունը բանեցվի ոչ միայն քաղաքական, այլև անմիջապես հասարակության վրա ճնշում գործարդրելու նպատալով այնպիսի հարցերում, ինչպիսին կարող են լինել, օրինակ՝ հայ մարդու ավանդական բարոյական արժեհամակարգին ու աշխարհայացքին հակասող երևույթների մասսայականացումը. նույն Ստամբուլյան կոնվենցիայի նկատմամբ հասարական դիմադրությունը կոտրելու հարցում իշխանություններին օգնության կարող է շտապել հենց այս օրենքը:
Նախաձեռնությունը, որով հանդես է եկել իշխանական թիմը, բավական լուրջ հարցեր է առաջ բերում, և առանց դրանց հիմնավոր պատասխաններ գտնելու, ոչ ոք իրավունք չի կարող ունենալ ինչ-որ կասկածելի «նոու-հաուներով» հանդես գալ. անիմաստ «նոու-հաուներից» մարդիկ արդեն զզվել են, նրանք բոլորովին այլ բան են ակնկալում իշխանություններից՝ գործ՝ դատարակաբանույան փոխարեն:
Վռամ Սուքիասյան