Ի՞նչ կենսագրություն ունեն ՀՖՖ նախագահի թեկնածուները
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ձևավորվել է 1992 թվականին, ՀՖՖ-ի առաջին նախագահը եղել է Նիկոլայ Ղազարյանը: Ֆեդերացիան մինչ այժմ ունեցել է 5 նախագահ՝ Նիկոլայ Ղազարյանը, Արմեն Սարգսյանը, Սուրեն Աբրահամյանը, Ռուբեն Հայրապետյանը և Արթուր Վանեցյանը:
Ս.թ. դեկտեմբերի 23-ին ընտրվելու է ՀՖՖ գործկոմը, որից հետո ընտրվելու է ֆեդերացիայի նախագահ:
Ֆեդերացիայի նախագահի պաշտոնում առաջադրվել են 3 թեկնածու՝ Թովմաս Գրիգորյանը, Խորեն Հովհաննիսյանը և Արմեն Մելիքբեկյանը:
Կենսագրական տվյալներ
Թովմաս Գրիգորյան
Թովմաս Գրիգորյանը ծնվել է 1973 թվականի մայիսի 19-ին Վանաձորում:
1980-1990 թվականներին սովորել է Սայաթ֊Նովայի անվան թիվ 10 միջնակարգ դպրոցում:
Ավարտել է Երևանի պետական ագրարային համալսարանի «Ագրարային արտադրության էկոնոմիկա և կառավարում» ֆակուլտետը, այնուհետև ստացել է մագիստրոսի որակավորում:
1991 թվականից զբաղվել է գործարարությամբ:
1999 թվականին հիմնադրել է «Թալգրիգ» ընկերությունը:
2002 թվականին հիմնադրել է «Թալգրիգ» ֆուտզալի ակումբը, որն երկու անգամ դարձել է Հայաստանի չեմպիոն և Հայաստանը ներկայացրել է Ֆուտզալի չեմպիոնների լիգայի մրցաշարում: «Թալգրիգը,» առաջին էր հայկական ակումբներից, որը հաղթահարեց Չեմպիոնների լիգայի խմբային առաջին փուլը:
2004 թվականին Գրիգորյանը ընտրվել է ՀՖՖ Գործադիր կոմիտեի անդամ:
2006-2013 թվականներին հանդիսացել է «Կանանց և ֆուտզալի կոմիտեի» նախագահ:
2013 թվականից մինչ այժմ հանդիսանում է ՀՖՖ Ֆինանսական կոմիտեի նախագահ:
2016 թվականին հիմնադրել է Վանաձորի ֆուտբոլի ակադեմիան:
2017 թվականին իրականացրել է իր մանկության երազանքը և հիմնադրել « Լոռի» Ֆուտբոլային ակումբը: Այս կարճ ժամանակահատվածում «Լոռին» դարձել է ՀՀ Առաջին խմբի հաղթող, իսկ 2018 թվականին առաջին անգամ հանդես է եկել ՀՀ Գավաթի եզրափակիչ խաղում:
Թովմաս Գրիգորյանը ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Արթուր Վանեցյանի խորհրդականն էր։
Նա նաև բազմաթիվ համալիրների սեփականատեր է, այդ թվում ՝ «Ջոս» ակումբի:
Խորեն Հովհաննիսյան
Ծնվել է 1955 թվականի հունվարի 10-ին Երևանում:
1976 թվականին ավարտել է Ֆիզիկական կուլտուրայի հայկական Պետական ինստիտուտը:
1984 թվականին ավարտել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտը:
1982 թվականին եղել է ֆուտբոլի աշխարհի առաջնության մասնակից (Իսպանիա):
1980 թվականին դարձել է օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր:
1976 թվականին դարձել է ֆուտբոլի Եվրոպայի երիտասարդական առաջնության հաղթող:
1976 թվականին դարձել է ԽՍՀՄ ֆուտբոլի առաջնության արծաթե մեդալակիր:
1975 թվականին դարձել է ԽՍՀՄ ֆուտբոլի գավաթակիր:
2004 թվականին ՈւԵՖԱ-ի ստեղծման 50-րդ տարեդարձի առթիվ կազմակերպված քվեարկության արդյունքում ճանաչվել է Հայաստանի 1954-2003թթ-ի լավագույն ֆուտբոլիստ:
2017-2019 թվականներին եղել է «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի պատվավոր նախագահ և տնօրենների խորհրդի անդամ:
2019 թվականի հունիսի 11-ից հանդիսանում է «Ֆուտբոլային Ակումբ «Անի»» հասարակական կազմակերպության նախագահ:
Խորեն Հովհաննիսյանը հայկական ֆուտբոլի լեգենդներից է: Նա իր հարցազրույցներից մեկում, որպես առաջին հաջողություն, նշել է 1969 թվականին Վոլգոգրադում «Կաշվե գնդակ» համասովետական բակային մրցաշարում տարած հաղթանակը. «Սա իմ առաջին լուրջ հաջողությունն էր»,- ասել է նա:
1972 թվականից կատարել է իր մեծ քայլերը ֆուտբոլում: Մեկնարկը՝ «Արարատ-Բավարիա» հանդիպումն էր: 1979- թվականին իր խփած 17 գոլերով Խորեն Հովհաննիսյանը դարձել է ԽՍՀՄ-ի լավագույն ռմբարկուներից մեկը:
«Իմ ֆուտբոլային կյանքում ոչինչ չէի փոխի, ամեն ինչ կթողնեի նույնը: Ես հասել եմ ֆուտբոլային այն նպատակներին, որոնց հնարավոր է եղել: Երբեք չեմ մտածել, որ կգա մի օր ու կդառնամ 20-րդ դարի Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ»,-ասել է Հովհաննիսյանը:
ՀՖՖ նախագահի թեկնածու առաջադրվելուց հետո Խորեն Հովհաննիսյանն ասել է. «Ֆուտբոլի ազգային հավաքականում և ֆեդերացիայում մշտապես վատ մթնոլորտ է եղել. ամեն ինչ պետք է անենք, որ վերջին խայտառակ պարտության պես էջ այլևս չունենանք»,-ասել է նա՝ նկատի ունենալով Իտալիայի հավաքականից Հայաստանի ազգային հավաքականի կրած պարտությունը՝ 9:1 հաշվով:
Արմեն Մելիքբեկյան
ՀՖՖ առաջին փոխնախագահ, ՀՖՖ գլխավոր քարտուղար
Ծնվել է 1980 թվականի մայիսի 10-ին:
1997-2002 թվականներին սովորել է Երևանի Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանում:
2002-2005 թվականներին սովորել է նույն համալսարանի ասպիրանտուրայում:
2005-2010 թվականներին նույն համալսարանում դասավանդել է արտասահմանյան գրականություն:
1999-2000 թվականներին աշխատել է Հանրային հեռուստատեսությունում որպես մարզական լրագրող, 2001-2002 թվականներին՝ dailyfootball.com և dailysoccer.com կայքերում որպես լրագրող և խմբագիր: 2003 թվականին համահիմնադրել և խմբագրել է footballtoday.ru կայքը:
2003-2013 թվականներին Հայաստանի հանրային հեռուստատեսությունում աշխատել է որպես մարզական վերլուծաբան, 2013֊2016 թվականերին՝ «Արմենիա» հեռուստատեսությունում:
2005-2008 թվականներին աշխատել է ՀՖՖ փոխտնօրենի պաշտոնում, 2006-2015 թվականներին հանդիսացել է ՈւԵՖԱ-ի Պատանեկան և սիրողական ու Մեդիա կոմիտեների անդամ:
2018 թվականի սեպտեմբերի 22-ին ընտրվել է որպես ՀՖՖ Գործկոմի անդամ:
Արմեն Մելիքբեկյանը ՀՖՖ նախագահի թեկնածու առաջադրվելուց հետո հայտնել է, որ ինքը լրիվ այլ ֆուտբոլի ֆեդերացիա է պատկերացնում, ունի ծրագրային կետ՝ պրոֆեսիոնալ լիգայի ստեղծումը. «Այս նախագծին բավականաչափ դրական են արձագանքել պրոֆեսիոնալ ակումբները»:
Արմեն Մելիքբեկյանն իր կենսագրական տվյալներում նշում է, որ բարեփոխումներ են արվել ֆեդերացիայում: Որպես գլխավոր ձեռքբերում՝ նա նշել է իսպանացի մասնագետ Մենդելեսի ու նրա երկու թիմակիցների հետ պայմանագրի ստորագրումը: Մենդելեսը ՀՖՖ-ի տեխնիկական տնօրենն է: