Պուգաչովան լսել է Վադիմ Մանուկյանի «խորհուրդն» ու այս տարի չի մասնակցի ամանորյա հեռուստածրագրերին
Ռուս հայտնի երգչուհի Ալլա Պուգաչովան այս տարի ամանորի գիշերը ելույթ չի ունենա ոչ մի հեռուստաընկերությամբ: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն` վկայակոչելով երգչուհու ներկայացուցիչ Ելենա Չուպրակովային:
«Ալլա Բորիսովնան նոր տարվա գիշերը չի մասնակցի ամանորյա հեռուստածրագրերին»,- ասել է նա և հավելել, որ երգչուհին շատ ակտիվ էր ընթացիկ տարում` նկարահանումներ Առաջին ալիքի համար, հոբելյանական համերգ, ֆիլմ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ռոստովի բնակիչ Վադիմ Մանուկյանը քննադատել էր Պուգաչովայի մասնակցությամբ ամանորյա ծրագրերն ու Առաջին ալիքի ղեկավարությանը կոչ էր արել դրանցում նոր արտիստների ներգրավվել: Change.org կայքում նրա առաջարկի հետ համաձայնել էր 150 000 մարդ:
Երգչուհու նախկին ամուսին, ՌԴ երգիչ Ֆիլիպ Կիրկորովը նման առաջարկն անվանել էր «գարշելի», հեղինակին էլ` «նախանձ աղբ»: Պուգաչովան երկրպագուներին խորհուրդ էր տվել չտխրել նման բաներից: Մանուկյանն ավելի ուշ ներողություն էր խնդրել Պուգաչովայից: