Բեյրութում չեն դադարում արցունքաբեր գազի կիրառմամբ բախումները ցուցարարների և ոստիկանության միջև (լուսանկարներ)
Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում՝ երկրի խորհրդարանի շենքի մոտ, շարունակվում են ցուցարարների և իրավապահների բախումները, հայտնում է ria.ru-ն՝ մանրամասնելով, որ ցուցարարները քարեր են նետում իրավապահների ուղղությամբ, իսկ վերջիններս ակտիվիստներին ցրելու նպատակով արցունքաբեր գազ են կիրառում:
Ցույցի մասնակիցներից մեկը լրատվամիջոցի հետ զրույցի ընթացքում ասել է, որ մի խումբ սադրիչներ, ինչպես և երեկ, ոստիկանության ուղղությամբ քարեր են նետել: Դրանից հետո ոստիկանությունը մի քանի նախազգուշացում է արել ու արցունքաբեր գազ կիրառել: Մասնակիցը նաև հավելել է, որ մի խումբ երիտասարդներ կոտրել են խանութների ցուցափեղկերը:
«Ալ Ջադիդ» հեռուստաընկերությունը՝ Ներքին գործերի նախարարությանը հղումով, հայտարարել է, որ իրավապահները մեկուկես ժամ շարունակ ակտիվիստներին զսպվածության կոչեր են արել, սակայն երբ նրանց ուղղությամբ քարեր են սկսել նետվել, և մի քանի իրավապահ վնասվածքներ է ստացել, արցունքաբեր գազի կիրառման հրաման է ստացվել:
Միևնույն ժամանակ խորհրդարանից ոչ հեռու՝ Մարտիրոսների հրապարակում, շիական կուսակցությունների աջակիցները հարձակվել են ցուցարարների վրանների վրա ու այրել դրանք:
Լիբանանի մյուս խոշոր քաղաքներում և հիմնական մայրուղիների վրա ակտիվիստները ճանապարհներ են արգելափակում, անիվներ և աղբամաններ այրում:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր tert.am-ը, ուժեղ բախումները սկսվել են շաբաթ երեկոյան, երբ ցուցարարները փորձել են խորհրդարան ներխուժել: Անվտանգության ուժերն արցունքաբեր գազ են կիրառել խորհրդարան մտնել ցանկացող ցուցարարների նկատմամբ: Կիրառվել են նաև ռետինե փամփուշտներ, ջրցան մեքենաներ, ինչի հետևանքով տուժել է 40 ցուցարար:
Աղբյուրը հիշեցնում է, որ հոկտեմբերի 17-ին Լիբանանում սկսվել են հակակառավարական ցույցեր և, չնայած, որ վարչապետ Սաադ Հարիրիի կառավարությունը հոկտեմբերի 29-ին հրաժարական է տվել, ցույցերը չեն դադարեցվել: Երկրի ֆինանսատնտեսական վիճակը շարունակում է ճգնաժամային մնալ: Երկրի նախագահ Միշել Աունի խոսքով՝ պետությունը տառապում է ֆինասական շրջափակումից և պատժամիջոցներից: