«Ոչ ոքի թույլ չտա՛ս խամրեցնել լույսդ»․ Միշել Օբաման Գրետա Տունբերգին քաջալերող խոսքեր է հղել՝ Թրամփի՝ օրերս Twitter-ում արված ծաղրական գրառումից հետո
ԱՄՆ նախկին առաջին տիկին Միշել Օբաման տասնվեցամյա շվեդ ակտիվիստուհի, բնապահպան Գրետա Տունբերգին քաջալերող խոսքեր է հղել՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ օրերս Twitter-ում արված ծաղրական գրառումից հետո: Այս մասին հաղորդում է CNN գործակալությունը։
«Ոչ ոքի թույլ չտա՛ս խամրեցնել լույսդ: Ինչպես այն աղջիկները, որոնց ես հանդիպել եմ Վիետնամում և ամբողջ աշխարհում, այնպես էլ դու կարող ես մեզ շատ բան սովորեցնել»,- հինգշաբթի Twitter-ում գրել է Միշել Օբաման։
Չհիշատակելով Թրամփին՝ նախկին առաջին տիկինը հավելել է. «Անտեսի՛ր քեզ կասկածողներին և իմացի՛ր, որ միլիոնավոր մարդիկ աջակցում են քեզ»։
Դեռահաս ակտիվիստուհի Գրետա Տունբերգը, որը կլիմայի փոփոխության դեմ պայքարի դեմքն է դարձել, Time ամսագրի վարկածով ճանաչվել է «Տարվա մարդ 2019» և այդպիսով դարձել 92 տարվա պատմության մեջ այս տիտղոսը նվաճած ամենաերիտասարդ անձը։
Հինգշաբթի առավոտյան Թրամփը Twitter-ում գրել է, որ Տունբերգի՝ «Տարվա մարդ» կոչմանը արժանանալու փաստը «չափազանց անհեթեթ է»։
«Գրետան զայրույթը վերահսկելու խնդիր ունի և պետք է աշխատի այդ ուղղությամբ, հետո ընկերներից մեկի հետ գնա մի հին ու բարի ֆիլմ դիտելու։ Հանդարտվի՛ր, Գրետա, հանդարտվի՛ր»,- գրել է Թրամփը։