Թաիլանդական ավանդական մերսումը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում
Թաիլանդական ավանդական մերսումը ներառվել է Միավորված ազգերի կրթական, գիտական և մշակութային կազմակերպության` ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում, ասվում է կազմակերպության հաղորդագրության մեջ:
«Դեկտեմբերի 12-ին առավոտյան նստաշրջանի ընթացքում ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության միջկառավարական հանձնաժողովը ևս 15 տարր է ներառել մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում»,- ասվում է կազմակերպության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:
Թաիլանդական ավանդական մերսումը համարվում է թաիլանդական ավանդական բժշկության և գիտության մի մասը: «Որպես ոչ դեղորայքային դեղամիջոց և մանուալ թերապիա, այն ներառում է հատուկ գործողություններ, որոնք տարբեր հիվանդությունների բուժման նպատակով հավասարակշռում են հիվանդի էներգիան և մարմնի կառուցվածքը:
Մերսումն առաջացել է հնագույն թաիլանդական գյուղական հասարակության մեջ խնամքի պրակտիկայից: Մերսողների փորձը սերնդեսերունդ է փոխանցվել` վերածվելով գիտելիքի ֆորմալ համակարգի, նշվում է կոմյունիկեում:
ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության մեջ ներառված են նաև այլ տարրեր, ինչպես, օրինակ, իռլանդական տավիղ նվագելը, կելեստինոսյան ներման տոնակատարությունը (Իտալիա), սիլաթը՝ ինքնապաշտպանության և գոյատևման մարտարվեստ, որը ստեղծվել է Մալայան արշիպելագում, կառնավալը Պոդենսեում (Պորտուգալիա) և այլն:
Ինչպես ավելի վաղ նշվել էր Tert.am-ը`դամասկոսյան վարդը նույնպես ներառվել է ոչ նյութական ժառանգության ցանկում: Այս վարդը տարբեր նպատակներով է օգտագործվում. կոսմետիկայի, եթերայուղերի, դեղամիջոցների, ինչպես նաև ջեմի և մուրաբաների արտադրության համար: Դամասկոսի շուկաներում հատկապես հայտնի է վարդի թերթիկների հավելումով թեյը, ինչը, ըստ վաճառողների, շնչառական համակարգի վրա բարենսպաստ ազդեցություն ունի: