Գիտնականները պարզել են, թե ինչու են պինգվինները դադարել թռչել
Գիտնականները վստահ են, որ տասնյակ միլիոնավոր տարիներ առաջ ժամանակակից պինգվինների նախնիները կարողանում էին թռչել, սակայն ամեն ինչ փոխվել է երկնաքարի ընկնելուց հետո:
Ինչպես ներկայացնում է life.ru-ն՝ հղում անելով Palaeontologica Electronica գիտական ամսագրում հրապարակված հոդվածին, գիտնականներն Անտարկտիդայում բնակվող այս թռչնատեսակի նախնիների բրածոներ են հայտնաբերել Նոր Զելանդիայի Չաթեմ կղզիներում: Մասնագետների կարծիքով՝ գտածոն ավելի քան 60 մլն տարեկան է:
Նշվում է, որ նախկինում պինգվինների հասակը կազմել է մեկ մետր, որը համադրելի է այս ցեղատեսակի ժամանակակից ներկայացուցիչների հետ, թեև առավել խոշոր տեսակների մնացորդներ ևս հայտանբերվել են:
Գիտնականները ենթադրում են, որ նախկինում պինգվինները եղել են ոչ միայն համեմատաբար առավել մեծ չափերի, այլև կարողանում էին թռչել: Համեմատելով երկու հայտնաբերված բրածոների արտաքին տեսքը՝ հետազոտողները եզրակացություն են արել, թե ինչը կարող էր ազդել նրանց կենսակերպի փոփոխության վրա:
Վարկածներից մեկի համաձայն՝ պինգվինների վարքը փոխվել է երկնաքարի ընկնելուց հետո, որի հետևանքով 66 մլն տարի առաջ անհետացել են դինոզավրերը: Այսինքն՝ աղետը ստիպել է փրկված թռչուններին նետվել ջուրը, և վերջիններս ժամանակի ընթացքում սովորել են տեղաշարժվել գետնի վրայով և լողալ: Թևերն էլ վերածվել են լողակների, իսկ իրենք թռչունները սովորել են կանգնել ուղիղ:
Այս վարկածի հաստատման համար մասնագետները պետք է առավել հին ներկայացուցչի մնացորդներ գտնեն: