Բողոքի ակցիաներ Իրաքում. մեկ օրում 40 մարդ է զոհվել (լուսանկարներ)
Վերջին մեկ օրում Իրաքի տարբեր շրջաններում ոստիկանության հետ ցուցարարների բախումների հետևանքով 40 մարդ է զոհվել, հաղորդում է Associated Press գործակալությունը:
Գործակալության տվյալներով՝ անկարգությունների մեծ մասը տեղի է ունեցել Իրաքի հարավում, որտեղ սպանվել է 36 ցուցարար և վիրավորվել՝ 245-ը:
Եվս չորս ցուցարար զոհվել է Բաղդադում, երբ ուժայինները կրակ են բացել ցուցարարների վրա:
Իրաքում հոկտեմբերի 1-ից սկսված բողոքի ցույցերի ընթացքում զոհվել է ավելի քան 350 մարդ, վիրավորվել են հազարավոր մարդիկ:
Նոյեմբերի 27-ին Իրաքում հակակառավարական ցույցերի մասնակիցները հրդեհել էին Նաջաֆ քաղաքում գտնվող Իրանի հյուպատոսարանը: Նրանք կարծում են, որ Իրանը միջամտում է իրենց ներքին գործերին: Հյուպատոսարանի աշխատակիցները շենքը լքել էին գաղտնի մուտքով` հրդեհից 10 րոպե առաջ:
Ցուցարարներն ի սկզբանե իշխանություններից պահանջում էին ուշադրություն դարձնել երիտասարդության շրջանում գործազրկությանը և կոռուպցիային, այնուհետև սկսեցին հնչել ներկայիս քաղաքական համակարգը փոխելու վերաբերյալ պահանջներ:
Ցուցարարները պահանջում են կառավարության հրաժարականը, ինչպես նաև կենսապայմանների բարելավում, առողջապահության և կրթության ոլորտներում, աշխատաշուկայում առկա խնդիրների լուծում, կոռուպցիայի դեմ պայքար։