Անունով ընդդիմություն, բայց իրականում ընդդիմության մեջ դրված ական, իշխանությունների կամակատար. քաղաքագետ Աղասի Ենոքյանը` ԼՀԿ-ի մասին
«Լուսավոր Հայաստան»-ը ֆորմալ ընդդիմություն է: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Մեդիա պաշտպան» նախաձեռնության ղեկավար, քաղաքագետ Աղասի Ենոքյանը` անդրադառնալով Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու մասին նախագծին կողմ քվերակելու՝ ԼՀԿ-ի որոշմանը:
«Ամենասկզբում էլ, երբ որ այդ ուժը մտավ խորհրդարան, ինձ համար ակնհայտ էր, որ դա Նիկոլ Փաշինյանի կողմից իր համար և իրեն հարմար, սարքած ընդդիմություն էր: Այստեղ միայն Հրայր Թովմասյանի հարցը չէ․ չմոռանանք նաև, որ հենց «Լուսավոր Հայաստան» կուսակցությունն էր առաջ քաշել ուժային կառույցներին քաղաքականացնելու հարցը: Այսինքն՝ այն, ինչ պետք էր Նիկոլ Փաշինյանին, արվեց Լուսավոր Հայաստանի միջոցով»,-ասաց նա:
Աղասի Ենոքյանն ասաց, որ Հրայր Թովմասյանի պաշտոնանկության գործընթացը Նիկոլ Փաշինյանը սկսել է իր համար գերխնդիր դարձած Ռոբերտ Քոչարյանին «նստացնելու» համատեքստում: «Բայց հիմա անգամ Հրայր Թովմասյանի պաշտոնանկությունը դարձել է առանձին, ինքնուրույն, կարևոր նպատակ: Իրականում ինքնանպատակ է, և ակնհայտ է, որ այս ամենը հակասահմանադրական է և կբերի դատական իշխանության թուլացմանը»,-ասաց նա:
Քաղաքագետն ասաց, որ բավականին կասկածելի էր ԼՀԿ-ի՝ խորհրդարանում հայտնվելը, և թե ով է նրանց ընտրազանգվածը: «Ես կարծում եմ, որ քվերակության ժամանակ առանց կեղծիքների հարցը գլուխ չէր բերվի: Իրենց քվեներ են հավելագրել, որի շնորհիվ նրանք մտան խորհրդարան։ Բավականին վատ, բավականին անբարոյական դեր են նրանք խաղում»,-ասաց նա և նշեց, որ չի կարծում, թե այս կուսակցությունը որևէ քաղաքական ապագա ունի, և հաջորդ ընտրությունների ժամանակ, եթե դրանք լինեն առանց կեղծիքների, ապա չեն հայտնվի անցողիկ շեմում:
«Փաշինյանը նրանց օգտագործեց նրա համար, որ Սահմանադրության պահանջները բավարարի, քանի որ մեկ երրորդը պետք է ընդդիմություն լիներ: Շատ է շրջանառվում այն կարծիքը, որ նրանք նույն դերն են կատարում, ինչ-որ նախկին իշխանությունների ժամանակ կատարում էր «Օրինաց երկիր» կուսակցությունը, այսինքն՝ անունով ընդդիմություն, բայց իրականում ընդդիմության մեջ դրված ական, հիմնականում իշխանությունների կամակատար»,-հավելեց նա: