ԱԳ նախարարը երախտագիտություն է հայտնել Ավստրալիայի խորհրդարանական պատվիրակությանն Արցախի հարցում ցուցաբերած հետևողականության համար
Սեպտեմբերի 20-ին Ավստրալիայի հայ ազգային կոմիտեի նախաձեռնությամբ տեղի է ունեցել ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի և Ավստրալիայի դաշնային խորհրդարանի ներկայացուցիչների պալատի պատգամավոր Թիմ Վիլսոնի գլխավորած պատվիրակության հետ:
Ողջունելով պատվիրակության այցը Հայաստան՝ նախարար Մնացականյանը նշել է, որ Հայաստանը մեծապես կարևորում է Ավստրալիայի հետ հարաբերությունների ամրապնդումը և գործընկերության խորացումը։ Երկուստեք ընդգծվել է համագործակցության միջխորհրդարանական ձևաչափի դերը և կարևորվել առկա ներուժի լիրաժեք օգտագործման ուղղությամբ համատեղ ջանքերի գործադրումը:
Հանդիպման ընթացքում Հայաստանի ԱԳՆ ղեկավարը ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունները և գերակայությունները՝ առանձնահատուկ ընդգծելով Հայաստանի շարունակական ջանքերը ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման օրակարգի առաջմղման գործում։
Հանդիպման ավարտին Զոհրաբ Մնացականյանն իր երախտագիտությունն է հայտնել Ավստրալիայի խորհրդարանական պատվիրակությանը՝ Հայոց ցեղասպանության ճանաչման և Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման հարցում ցուցաբերված հետևողականության համար։