Վենեսուելայի ԱԳՆ-ն մեղադրել է ԱՄՆ-ին իշխանության և ընդդիմության միջև երկխոսությունը խզելու փորձի համար
Վենեսուելայի արտգործնախարար Խորխե Արրեասը մեղադրել է ԱՄՆ-ին երկրի իշխանությունների ու ընդդիմության միջև վերսկսված բանակցային գործընացը խափանելու փորձի համար:
«Վենեսուելայի վարչակազմի դեմ ագրեսիայի բոլոր տարբերակների ձախողման փաստից հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է խզել կառավարության ու ընդդիմության միջև քաղաքական երկխոսությունը՝ փորձելով պատերազմ հրահրել, սակայն դա նրան չի հաջողվի: Խաղաղությունը կհաղթի»,- թվիթերյան իր էջում գրել է նախարարը:
Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչը հայտնել էր РИА Новости գործակալությանը, որ ԱՄՆ-ն աջակցում է Վենեսուելայում իշխանության և ընդդիմության միջև հակամարտության խաղաղ լուծմանն ուղղված բոլոր ջանքերին, սակայն պնդում է, որ մինչև երկրում նախագահական ընտրությունների անցկացումը նախագահ Նիկոլաս Մադուրոն պետք է հեռանա:
Հիշեցնենք, որ Մադուրոն հուլիսի 8-ին հայտարարել էր Բարբադոս կղզում Նորվեգիայի կառավարության աջակցությամբ երկխոսությունը վերկսկելու մասին: Նրա խոսքով՝ արդեն 6 կետ է մշակվել, որոնցով կվարվի բանակցությունը: Դրանք վերաբերում են երկրի կյանքի բոլոր ոլորտներին՝ տնտեսությանը, քաղաքականությանը, մշակույթին, սոցիալական ոլորտին:
Վենեսուելայում իրավիճակը սրվել էր հունվարի 23-ից հետո, երբ երկրում բողոքի զանգվածային ցույցերն էին ընթացել երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոյի դեմ: Ցուցարարները պահանջում էին վերջինիս հրաժարականը և երկրում սահմանադրական կարգերի վերահաստատումը: Քաղաքական լարված իրավիճակի ֆոնին երկրի ընդդիմադիր խորհրդարանի առաջնորդ Խուան Գուաիդոն իրեն նախագահի ժամանակավոր պաշտոնակատար էր հռչակել: ԱՄՆ-ն և մի շարք երկրներ ճանաչել են վերջինիս իշխանությունը, մինչդեռ Ռուսաստանը, Չինաստանը և այլ պետություններ աջակցում են Մադուրոյին: