Մինսկում հրավառության ժամանակ կին է մահացել
Բելառուսի քննչական կոմիտեն հետաքննություն է անցկացնում` Մինսկում տեղի ունեցած հրավառության ժամանակ կնոջ մահվան փաստով: Մյուս վիրավորներին, որոնց քանակը չի նշվում, տեղում օգնություն է ցուցաբերվել: Նրանց հիվանդանոց տեղափոխելու կարիք չի զգացվել: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
Աղբյուրը նշում է, որ միջադեպը տեղի է ունեցել Անկախության օրվան նվիրված տոնակատարության ժամանակ: Նշվում է, որ հրավառության բեկորներից մեկը, նախնական տվյալներով, դիպել է կնոջը, որն էլ մահացել է ստացած վնասվածքից:
«Թեև շտապօգնությունը ժամանակին է հասել, սակայն չի հաջողվել փրկել 1955 թվականին ծնված կնոջ կյանքը: Վերջինս Սվիսլոչ գետի ափին կանգնած հետևել է հրավառությանը: Ներկայումս պարզվում են մահվան հանգամանքները: Որոշվում է քրեական գործ հարուցելու հարցը»,- գրված է հայտարարությունում: