15-ամյա ամերիկուհու հեքիաթը շարունակվում է․ Կորի Գաուֆը երրորդ շրջանում է
Լոնդոնում շարունակվում է տարվա երրորդ Grand Slam-ի՝ Ուիմբլդոնի երկրորդ շրջանը։ Կանանց մենախաղի գլխավոր հայտնությունը՝ 15-ամյա Կորի Գաուֆը, ով առաջին շրջանում պայքարից դուրս էր թողել, ոչ ավել ոչ պակաս, Վինուս Ուիլիամսին, շարունակում է իր հեքիաթային ուղևորությունը։
Ինչպես հայտնում է Armsport-ը, ամերիկուհին երկրորդ շրջանում ևս անկասելի էր։ Գաուֆը երկու սեթում 6-3, 6-3 հաշվով առավելության է հասել Սլովակիայի ներկայացուցիչ Մագդալենա Ռիբարիկովայի նկատմամբ։ 1/16 եզրափակչում նրա մրցակիցը Սլովենիայի ներկայացուցիչ Պոլոնա Հերցոգն է լինելու։
Կանանց մենախաղի գլխավոր ֆավորիտներից Սիմոնա Հալեպը, Վիկտորիա Ազարենկան և Կարոլինա Վոզնյացկին ևս հաղթանակով են ավարտել երկրորդ շրջանի խաղերը։ Խաղային օրվա գլխավոր անակնկալը Ստեն Վավրինկայի պարտությունն էր։ Շվեյցարացի թենիսիստը պարտվել է ԱՄՆ-ի ներկայացուցիչ Ռայլի Օպելկային` հինգ սեթում։ Կարեն Խաչանովն առավելության է հասել Ֆելիսիանո Լոպեսի նկատմամբ։