Վրացի ընդդիմադիր պատգամավոր Նիկա Մելիային էլեկտրական ձեռնաշղթա են հագցրել
Վրաստանի «Միասնական ազգային շարժում» կուսակցության քաղխորհրդի նախագահ, պատգամավոր Նիկանոր (Նիկա) Մելիային, որին մեղադրում են Թբիլիսիում տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ անկարգություններ կազմակերպելու մեջ, էլեկտրական ձեռնաշղթա են հագցրել: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
Նշվում է, որ Մելիային բացատրել են դրանից օգտվելու կարգը: Ներկա են եղել ընդդմիդիր պատգամավորի փաստաբանները:
Հիշեցնենք, որ Վրաստանի խորհրդարանը կողմ էր քվեարկել Նիկա Մելիային անձեռնմխելիությունից զրկելուն, որից հետո Գլխավոր դատախազությունը միջնորդություն էր ներկայացրել դատարան՝ նրան ձերբակալելու համար: Պատգամավորին մեղադրում են հունիսի 20-ին մեկնարկած զանգվածային ցույցերի ժամանակ «խմբակային բռնություն» կազմակերպելու մեջ: