Դերժինսկի պայթուցիկների գործարանում տեղի ունեցած 3 պայթյունի հետևանքով վիրավորների թիվը հասել է 85-ի
Ռուսաստանի Դերժինսկ քաղաքի իշխանություններն արտակարգ դրություն են հայտարարել պայթուցիկների արտադրությամբ զբաղվող «Կրիստալ» գործարանի տարածքում որոտացած երեք պայթյունից հետո:
Ինչպես հայտնում է РИА Новости-ն, վիրավորների թիվը կտրուկ աճել է: Այժմ նշվում է 85 տուժածի մասին: Նրանցից 39-ը գործարանի աշխատող է, 46-ը` քաղաքի բնակիչ: Վիրավորներից մեկի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, 15-ինը` ծանր:
Պայթյունների հետևանքով ամբողջովին փլուզվել է գործարանի այն հատվածը, որտեղ պահվում էր զինամթերքը: Դրանից հետո «Կրիստալ»-ի տարածքում հրդեհ է սկսվել: Կրակը տարածվել է 100 քմ մակերեսով տարածքում: