ՀՀ–ն կարող է իր վերապահումներն արձանագրել՝ ստանալով ավելի մեծ վերահսկողական հնարավորություններ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի թեկնածու Զասի նկատմամբ. Արմեն Զաքարյան (տեսանյութ)
Եվրոպայի քաղաքական դասընթացների երևանյան դպրոցի տնօրեն Արմեն Զաքարյանի խոսքով՝ նախորդ տարի Հայաստանի կողմից ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի հետկանչից և այդ պաշտոնն ազատ մնալուց հետո Բելառուսը՝ որպես առաջամարտիկ, փորձեց Ղազախստանի նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի աջակցությամբ Հայաստանին իր տեղը դնել և թույլ չտալ, որ նշանակի նոր գլխավոր քարտուղար: Դա նաև, ըստ նրա, ողջույն էր «յոլդաշ Իլհամին» (ընկեր Իլհամին), որ Հայաստանին վնաս հասցնելու համար նման բան են արել:
Արմեն Զաքարյանը Tert.am-ի հետ զրույցում նման դիտարկում արեց՝ անդրադառնալով ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ընտրության շուրջ վերջին զարգացումներին և Բելառուսի կողմից այդ պաշտոնում թեկնածու առաջադրված Բելառուսի Ազգային անվտանգության պետքարտուղար Ստանիսլավ Զասի Հայաստան այցին:
«Ստանիսլավ Զասը թարմ հետքերով եկել է Հայաստան․ ընդամենը մեկ շաբաթ առաջ էր, որ ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների խորհուրդը նրա թեկնածության շուրջ համաձայնության եկավ և որոշեց առաջարկել պետության ղեկավարներին, որպեսզի հաստատեն նրան ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում, ընդ որում՝ գալիք տարվա հունվարի 1-ից մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը: Այդ դեպքում հարց է առաջանում, որ եթե Բելառուսը արձանագրել տվեց երեք տարվա ժամկետը Ստանիսլավ Զասի համար, ապա ինչո՞ւ խոչընդոտեց Հայաստանին, որպեսզի նոյեմբերից, երբ պաշտոնապես դադարեցվեցին Յուրի Խաչատուրովի լիազորությունները, Հայաստանը շարունակի պաշտոնավարել»,- ասաց նա:
Ըստ Արմեն Զաքարյանի, իհարկե, ողջունելի է, որ Հայաստանը կարողացավ այնպես անել, որ Բելառուսը չկարողանա իր ներկայացուցչին չառաջադրել, բայց մյուս կողմից՝ Հայաստանն ինքն էլ զրկվեց իր ժամկետում պաշտոնավարելուց: «Դրա իմաստը ո՞րն էր, բացի նրանից, որ Հայաստանին պատժեին նրա համար, որ իրենց հետ նախապես չէր համաձայնեցրել»,- ասաց նա:
Դիտարկմանը, թե արդյոք չէինք կարող խոչընդոտել Ստանիսլավ Զասի թեկնածության առաջադրմանը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում՝ հաշվի առնելով, որ նա համարվում է Բելառուս-Ադրբեջան հարաբերությունների զարգացմանը նպաստող ամենաակտիվ գործիչներից մեկը, Արմեն Զաքարյանն արձագանքեց․ «Կարող ենք, բայց եթե անգամ լինի մեկ ուրիշը, և Բելառուսը որոշի վնասել Հայաստանին, կանի նաև նույն այդ գլխավոր քարտուղարի պայմաններում ևս, և անելու է դա՝ ի խախտումն հենց ՀԱՊԿ հիմնադիր պայմանագրի»,- ասաց նա:
Արմեն Զաքարյանը նաև հույս հայտնեց, որ Զասի թեկնածության առաջադրմանը Հայաստանը համաձայնել է ոչ թե, որ օրինակ, ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի խնդրանքն է կատարել, այլ այն, որ «Բելառուսի հետ որոշակի, առայժմ մեզ անհայտ բանակցային կոնտենտի արդյունքում Հայաստանը մի բան ստացել է դրա դիմաց»: Նա նաև նշեց, որ Հայաստանը կարող է իր վերապահումներն արձանագրել՝ ստանալով ավելի մեծ վերահսկողական հնարավորություններ Զասի նկատմամբ։
«Այլապես ստացվում է՝ մենք կարողացանք մեր դեմքը փրկել, բայց Բելառուսն էլ իր դեմքը փրկեց, և բոլոր դեպքերում այս ամսվա ընթացում իրենք մեր նկատմամբ վնասարարությամբ զբաղվեցին»,- ասաց նա:
Մանրամասները՝ տեսանյութում: