Թունիսի ափերի մոտ խորտակված նավն Իտալիա էր ուղևորվում
Թուինսի ափերի մոտ խորտակված նավը, որը լի է եղել աֆրիկացի գաղթականներով, դեպի Իտալիա էր ուղևորվում, գրում է РИА Новости-ն՝ Թունիսի զինված ուժերի հաղորդմանը հղումով:
«Նախաքննությամբ պարզ դարձավ, որ տարբեր ազգությամբ աֆրիկացի գաղթականներին տեղափոխող նավը, որը նախօրեին ծով է դուրս եկել Լիբիայի Զուվարա նավահանգստից և խորտակվել Սֆաքս քաղաքից ոչ հեռու, Իտալիա էր ուղևորվում», - ասվում է հաղորդման մեջ:
Հաղորդվում է նաև, որ առաջինը խորտակված նավի ուղևորներին օգնություն են ցուցաբերել մոտակայքում հայտնված ձկնորսները՝ փրկելով նրանցից 16-ին:
Գաղթականների աջակցության Alarm Phone կազմակերպության տվյալներով՝ նավի վրա շուրջ 100 մարդ է եղել, ընդ որում՝ 24 կին և 8 երեխա:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ նավի խորտակման հետևանքով առնվազն 70 մարդու կյանք է վտանգված: