«Ժամանակ». Մեր հանրային-պետական կյանքի ինստիտուցիոնալացման օրակարգը գերիշխող չէ թե՛ իշխանության, թե՛ հանրության շրջանակում
«Արարատյան մաքսատուն վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցն իր, այսպես ասած, լրահոսային ընթացքից դուրս, կարծես թե, հերթական անգամ դրսևորեց արդեն պարբերաբար մատնանշվող խնդիրը՝ վարչապետն իր վրա է կրում պետական կառավարման համակարգի ամբողջ ծանրությունը:
Հասկանալի է, խոսքը չի կարող լինել բացարձակ ծանրության մասին և, ըստ այդմ, Նիկոլ Փաշինյանի մենակության մասին գնահատականը կա´մ չափազանցված է, կա´մ կարող է կիրառվել խիստ պայմանականությամբ: Պայմանականությամբ այն իմաստով, որ մենք առայժմ ունենք անհատի վրա կառուցված կառավարման գործընթաց, ինչը սակայն ամենևին չի նշանակում, որ Փաշինյանից բացի չկան այլ աշխատող պաշտոնյաներ և գործիչներ: Իհարկե կան՝ թե՛ կառավարությունում, թե՛ խորհրդարանում, սակայն առայժմ ակնառու է, որ պետական կառավարման համակարգ, որպես այդպիսին, դեռևս գործի գցված չէ:
Մյուս կողմից, լինելով օրակարգային խնդիր, այդ հանգամանքն այդուհանդերձ ուշանում է առայժմ օբյեկտիվորեն: Այստեղ ամենամեծ խաբկանքն այն է, որ մենք գնահատումները կառուցում ենք այն ելակետից, որ ունենք պետականության մոտ երեսնամյա փորձ, թեկուզ անհաջող, բայց պետականության փորձ: Իրականում, սակայն, մենք ունենք ոչ թե պետականության թեկուզ անհաջող, անարդյունավետ փորձ, այլ ունեցել ենք պետականության ցուցանակի ներքո քրեապետության հաջողված փորձ: Մենք տարիներ շարունակ կրկնել ենք, որ մեր պետականության միակ կայացած ինստիտուտը եղել է բանակը: Ընդ որում, դա այն դեպքում, երբ բանակն էլ ամենևին զերծ չի եղել քրեապետության ազդեցությունից, ինչի ծանր հետևանքը մենք տեսանք և զգացինք Ապրիլյան քառօրյայում:
Այդպիսով, ամենախնդրահարույցը, որ կատարվել կամ կատարվում է մեզ հետ այն է, որ մենք ինքնախաբեության մեջ ենք, թե չնայած քրեաօլիգարխիկ, ընտրակեղծարար, այդուհանդերձ մենք ունեցել ենք պետություն: Չենք ունեցել, ինչը սակայն իր հերթին ենթադրում է նաև, որ մենք չենք ունեցել պետականության համար անհրաժեշտ դպրոցներ՝ հասարակական, քաղաքական, կուսակցական, կառավարման դպրոց և այլն: Երբ խոսք է գնում այն մասին, որ մեր պետության վերափոխումը պետք է սկսի դպրոցից, այստեղ թերևս պետք չէ դիտարկել լոկ հանրակրթական դպրոցը:
Դպրոցն այստեղ պետք է ընկալել իբրև շատ ավելի լայն հասկացություն: Մենք չենք ունեցել դպրոցներ, ոչ մի բանի, մշակույթից մինչև սպորտ, քաղաքականությունից մինչև հանրակրթություն, տնտեսությունից մինչև քաղաքացիականություն: Մեր ամեն ինչը կառուցվել է անհատների վրա, անհատների շուրջ, ինչն էլ բոլոր հարցերում բերել է ոչ թե ինստիտուցիոնալացման, այլ խմբավորման, ոչ թե ինստիտուտների ձևավորման, այլ խմբերի, և հաճախ թայֆաների կամ կլանների ձևավորման:
Մենք հիմա զգում են դպրոցի տոտալ բացակայությունը: Այդ պայմաններում չի կարող գործընթացը չմնալ վարչապետի վրա: Այլ է հարցը, թե ինչ է արվում այն այդպիսին չթողնելու և ինստիտուցիոնալացնելու համար: Այստեղ արդեն հարցերը բաժանվում են երկու մասի: Ինչ է անում իշխանությունն իր առումով, իր մեծ բաժնով, և ինչ է անում հանրությունն իր առումով: Առայժմ պետք է փաստել, որ մեր հանրային-պետական կյանքի ինստիտուցիոնալացման օրակարգը գերիշխող չէ թե՛ իշխանության, թե՛ հանրության շրջանակում: Առայժմ շարունակում է գերիշխող դերում լինել մեկ դպրոց՝ իրականության նենգափոխման դպրոցը, ու կարևոր չէ, թե ինչ շարժառիթներով և նպատակներով նենգափոխման, որովհետև նպատակների շարքում չի կարող լինել պետությունը: Այդ իրավիճակում միայն վարչապետը չէ մենակ, մենք բոլորս մենակ ենք»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: