Անասնաբուժությունը խթանելու համար Կառավարությունը «Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն» հիմնադրամին 22,5 մլն դրամի սարքավորումներ կնվիրաբերի
Անասնաբուժությունը խթանելու համար Կառավարության նիստում որոշում կայացվեց «Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն» հիմնադրամին նվիրաբերել 22 մլն 587 հազար դրամ արժեքով պետական սեփականություն հանդիսացող անասնաբուժական սարքավորումներ և գործիքներ:
ՀՀ գյուղատնտեսության նախարարի պարտականությունները կատարող Գեղամ Գևորգյանը տեղեկացրեց, որ հիմնադրամն այդ գույքն անհատույց օգտագործման իրավունքով կհանձնի անասնաբուժական գործունեություն իրականացնող անասնաբույժներին` նպատակային օգտագործման համար:
Որոշվեց, որ Արագածոտնի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Տավուշի մարզերի համապատասխան համայնքների վարչական տարածքներում գտնվող` 1 մլրդ 64 մլն 537 հազար դրամ արժեքով պետական սեփականություն հանդիսացող արոտավայրերի ջրարբիացման համակարգերը նվիրաբերել նույն համայնքներին` համապատասխան համայնքի արոտավայրերի ջրարբիացման բարելավման և անասնապահության զարգացման նպատակով օգտագործելու պայմանով:
Նախատեսվում է` Արագածոտնի, Գեղարքունիքի, Լոռու, Սյունիքի և Տավուշի մարզերի համապատասխան համայնքներում ստեղծված արոտօգտագործողների սպառողական կոոպերատիվներին ժամանակավոր պահատվության հանձնված` 226 մլն 895 հազար դրամ արժեքով պետական սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական տեխնիկան նվիրաբերվեց նույն կոոպերատիվներին՝ կոոպերատիվների կանոնադրական խնդիրներին համապատասխան տվյալ համայնքում անասնապահության զարգացման նպատակով օգտագործելու պայմանով:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ նշեց, որ ստացվում է՝ ունենք նորմալ անասնաբուժություն, այսինքն՝ մասնավոր և պետական: Վարչապետի խոսքով՝ պետք է ուժեղացնել անասնաբուժական ծառայությունները, պետք է մեծացնել նաև ֆինանսական ծառայությունը, որ կարողանանք նաև որակը բարձրացնել:
Նախարարի պաշտոնակատարն էլ նշեց, որ փորձում են անասնաբույժների կրթական մակարդակը բարձրացնել:
Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն էլ նշեց, որ պետությունը միլիարդներով գումար է տրամադրում այս ծրագրում, և պարզ չեն գների ծառայությունները, նաև պարզ չէ սարքավորումների ամորտիզացիոն ծախսերի պահը: «Միգուցե մենք որոշ ժամանակ հետո կանգնելու ենք փաստի առաջ, որ նորից պետք է ներդրում անենք այս ոլորտում, որովհետև սարքավորումները այլևս պիտանի չեն»,- ասաց Ջանջուղազյանը:
Փաշինյանը նշեց, որ ամորտիզացին ծախսերի հետ կապված մոտեցումն այն պետք է լինի, որ աջակցությունը չեն ցուցաբերում, որ երկու տարի հետո գան, ասեն` գործիքները մաշվեցին: «Մենք տալիս ենք այդ գումարը, որ այդ կենտրոնները զարգանան, կարողանան ոտքի կանգնել և իրենց կարիքները հոգան»,- ասաց վարչապետը:
Նախարարի պաշտոնակատարն էլ ասաց, որ ամորտիզացիոն ծախսերը հաշվարկված են:
Ամալյա Առաքելյան