Գաճաճ մականվամբ հայտնի նարկոբարոնը դատի է տվել Մեքսիկայի նախկին նախագահին
Գաճաճ մականունով հայտնի մեքսիկացի նարկոբարոն Խոակին Գուսման Լոերայի դատապաշտպանը Մեքսիկայի գլխավոր դատախազությանը երկրի նախկին նախագահ Էնրիկե Պենյա Նյետոյի դեմ նարկոբարոնի՝ ԱՄՆ արտահանձնմանը նախորդած ընթացակարգային խախտումների առնչությամբ հայց է ներկայացրել, գրում է infobae.com-ը:
Գաճաճը ձերբակալել էր 2016թ.-ի սկզբին՝ Պենյա Նյետոյի նախագահության օրոք, իսկ մեկ տարի անց Միացյալ Նահանգներ էր արտահանձնվել, որտեղ միանգամից մի քանի նահանգ նրա դեմ դեպի ԱՄՆ կոկաին մատակարարելու, սպանություններ կազմակերպելու և ապօրինի զենք կրելու մեղադրանք էր առաջադրել:
Վերջերս Նյու Յորքի դատարանը Գուսմանին մեղավոր է ճանաչել առաջադրված մեղադրանքի բոլոր 10 կետերով: Այժմ նրան ցմահ ազատազրկում է սպառնում:
Գուսմանի դատապաշտպան Խոսե Լուիս Մեսայի խոսքով՝ Գաճաճն արտահանձնման պահին գտնվել է ոչ թե գործադիր իշխանությունների, այլ շրջանային և գերագույն դատարանների իրավասության ներքո, սակայն նախագահի վարչակազմը ոտնահարել է գերագույն դատարանի ընդդատությունը և մի շարք սխալներ թույլ տվել:
Դատապաշտպանի խոսքով՝ Գաճաճին պետք է Մեքսիկային սահմանակցող Կալիֆոռնիա կամ Տեխաս նահանգներ տեղափոխեին, մինչդեռ նրան Նյու Յորք են տարել, ինչը, նրա պնդմամբ, Մեքսիկայի և ԱՄՆ-ի միջև արտահանձնման մասին համաձայնագրի խախտում է:
Մեսան նաև շնորհակալություն է հայտնել Մեքսիկայի ներկայիս նախագահ Անդրեաս Մանուել Լոպես Օբրադորին՝ իր պաշտպանյալի ընտանիքին խոստացած աջակցության համար:
Հիշեցնենք, որ Լոպես Օբրադորը փետրվարի վերջին խոստացել էր աջակցել Գուսմանի հարազատներին ձերբակալվածին այցելելու նպատակով ԱՄՆ կատարելիք ուղևորության համար հումանիտար վիզաների տրամադրման հարցում: