Ադրբեջանցի գործարար Գոդ Նիսանովը մեկնաբանել է Մոսկվայում իր առևտրային օբյեկտներում ռուս իրավապահների անցկացրած ստուգումները
Ռուսաստանաբնակ ադրբեջանցի գործարար Գոդ Նիսանովը, որը Մոսկվայում սննդամթերքի ամենախոշոր շուկաներից «Ֆուդ Սիթի»-ի համասեփականատերն է, ադրբեջանական Oxu.az կայքի հետ զրույցում մեկնաբանել է իր առևտրային օբյեկտներում ՌԴ Ազգային գվարդիայի դաշնային ծառայության և ոստիկանության աշխատակիցների անցկացրած ստուգումները:
Գործարարը հերքել է մամուլում տարածված լուրերը, թե ինքը հետապնդման է ենթարկվում Ռուսաստանի իշխանությունների կողմից, և նշել է, որ ստուգումների պատճառ է հանդիսացել Մոսկվայում կովկասցիների մասնակցությամբ տեղի ունեցած ծեծկռտուքը: Պարզվում է՝ միջադեպի մասնակից երեք ադրբեջանցիներ տարածք են վարձակալում հենց «Ֆուդ Սիթի»-ում:
«Ստուգումները սկսվել են մարտի 11-ին վաղ առավոտյան, սակայն դրանց պատճառը ես չեմ, այլ տրավմատիկ զենքի կիրառմամբ վիճաբանությունը, որն օրերս տեղի է ունեցել կովկասցիների երկու խմբի միջև՝ Բելորեչենսկայա փողոցի վրա: Գործի շրջանակում ձերբակալվել է 3 ադրբեջանցի, նրանց դեմ հարուցված է քրեական գործ: Պարզվել է, որ այդ երեքը տարածք են վարձակալում մեր առևտրային օբյեկտներում: Դրա հետ կապված միգրացիոն ծառայությունն ու իրավապահ մարմինները ստուգումներ են իրականացրել «Մոսկվա», «Սադովոդ» և «Ֆուդ Սիթի» առևտրի կենտրոններում: Դա նորմալ է, երբ միգրացիոն ծառայությունը ստուգում է, և մենք օգնում ենք իրավապահներին օրինականության ու կարգուկանոնի հաստատման գործում», - ասել է Նիսանովը:
Ավելի վաղ մամուլում լուրեր էին տարածվել, թե Գոդ Նիսանովը հրաժարվել է պետական որոշ նախագծերին ֆինանսական մասնակցությունից ու սկսել է դուրս բերել ՌԴ-ից իր դրամական միջոցները: