Ավշարի դպրոցի տնօրենն ազատման դիմում չի գրել, բացի այդ նա ազգակցական որևէ կապ չունի մարզպետ Սարգսյանի հետ․ պարզաբանում
Ավշարի միջնակարգ դպրոցի տնօրեն Հերմինե Անդրեասյանն ազատման դիմում չի գրել: Այս մասին հայտնում են Արարատի մարզպետարանից:
«Մամուլում երեկվանից մեծ աղմուկ է բարձրացրել Արարատի մարզի Ավշար գյուղի միջնակարգ դպրոցում ընթացող դասադուլն ու գործադուլը։ Հաշվի առնելով թեմայի մեծ հնչեղությունը՝ տեղեկացնում ենք, որ Ավշարի միջնակարգ դպրոցի տնօրեն Հերմինե Անդրեասյանն ազատման դիմում չի գրել, նա տնօրենի պաշտոնում ընտրվել է օրենքին համապատասխան:
Դպրոցի կառավարման խորհրդի 8 անդամներից նրա օգտին են քվեարկել 7-ը, մեկ անձ եղել է ձեռնպահ։ Հերմինե Անդրեասյանը կշարունակի պաշտոնավարել։ Աշխատանքից չի ազատվել նաև դպրոցի փոխտնօրեն Գայանե Մարտիրոսյանը։ Նա նույնպես կշարունակի պաշտոնավարել։
Ինչ վերաբերում է մամուլում շրջանառվող այն լուրերին, ըստ որոնց՝ Հերմինե Անդրեասյանն Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի բարեկամուհին է, ապա հայտնում ենք, որ վերջինս ազգակցական որևէ կապ չունի մարզպետ Սարգսյանի հետ։ Ուզում ենք շեշտել, որ Արարատի մարզպետարանը և մարզպետ Գարիկ Սարգսյանը հետևողական են լինելու, որ և՛ Ավշարի, և՛ մարզի որևէ այլ դպրոցում կամայական և անօրինական որևէ գործողություններ, ազատումներ չլինեն։ Կոչ ենք անում ծնողներին և աշակերտներին չտրվել որևէ սադրանքի և հաճախել դպրոց»,-ասված է մարզպետարանի պարզաբանման մեջ։
Հիշեցնենք, որ երեկ Ավշարի միջնակարգ դպրոցում դասադուլ էր․ ուսուցիչները, աշակերտներն ու ծնողները պահանջում էին դպրոցի նորանշանակ տնօրենի հրաժարականը։ Դպրոցի աշակերտներից մեկն էլ Tert.am-ին պատմել էր, որ 2 օր առաջ 32-ամյա նոր տնօրենի՝ Հերմինե Անդրեասյանի առաջին աշխատանքային օրն է եղել, և հենց այդ օրը նա հեռացրել է դպրոցի փոխտնօրեն Գայանե Մարտիրոսյանին․ «Նոր տնօրենն ասել է, որ ցանկանում է իր շուրջը վստահելի մարդկանց հավաքել, դրա համար էլ աշխատանքից ազատել է փոխտնօրենին։ Մենք չենք ուզում մեր ուսուցիչներին հերթով ազատեն աշխատանքից»։