Ռուս-հայկական հարաբերություններում սեպ խրելու ցանկացած փորձ ձախողման է դատապարտված. «Լազարյան ակումբում» կտրուկ են արձագանքել ադրբեջանական բողոքներին
Հայ-ռուսական «Լազարյան ակումբի» երկրորդ նիստում, որը երեքշաբթի մեկնարկել է Մոսկվայում, մեկնաբանել են ադրբեջանական լրատվամիջոցների արձագանքն Արցախի ներկայացուցչին հրավիրելու ակումբի նախաձեռնությանը:
«Մարիա Զախարովան փաստարկներով իր տեղն է ցույց տվել լրագրողին՝ հասկացնելով, որ Լազարյան ակումբը գործում է օրենսդրության համապատասխան: Եվ ակումբի կազմակերպչական հանձնաժողովի կողմից Արցախի ներկայացուցիչներին հրավիրելու պատճառով՝ Ռուսաստանի կողմից հակաադրբեջանական քայլ տեսնելը ճիշտ չէ»,- Rusarminfo-ի փոխանցմամբ՝ ասել է ԱՊՀ երկրների ինստիտուտի փորձագետ, «Լազարյան ակումբի» անդամ Իվան Սկորիկովը:
Սկորիկովն ընդգծել է նաև, որ ռուս-հայկական հարաբերություններում սեպ խրելու ցանկացած փորձ ձախողման է դատապարտված, քանի որ ռուս-հայկական հարաբերություններն ամուր և բարեկամական են հասարակական դիվանակագիտության մակարդակով:
Հիշեցնենք, որ Մարիա Զախարովան «Լազարյան ակումբում» Արցախի ներկայացուցիչների մասնակցության մասին ադրբեջանցի լրագրողի հարցին կտրուկ պատասխանով է հակադարձել օրեր առաջ կայացած ճեպազրույցի ժամանակ:
Հաղորդվում է նաև, որ Հայաստանի ազգային հերոս Նիկոլայ Ռիժկովը կոչ է արել աջակցել հայոց սփյուռքին և ուշադրություն է հրավիրել միգրացիոն խնդիրներին: