Կիմ Չեն Ընը Հանոյ է ուղևորվել հատուկ զրահապատ գնացքով (լուսանկարներ)
ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընը փետրվարի 23-ին զրահապատ հատուկ գնացքով ուղևորվել է Հանոյ, որտեղ փետրվարի 27-28-ին տեղի կունենա ԱՄՆ-ԿԺԴՀ երկրորդ գագաթնաժողովը: Ինչպես հաղորդում է Կորեայի կենտրոնական հեռագրային գործակալությունը, Կիմ Չեն Ընի մեկնումն ուղեկցվել է ճոխ արարողությամբ, որին ներկա են գտնվել բազմաթիվ բարձրաստիճան պաշտոնյաներ:
Նշվում է, որ գործուղման ընթացքում ԿԺԴՀ առաջնորդին ուղեկցելու են Հյուսիսային Կորեայի Աշխատավորական կուսակցության կենտրոնական կոմիտեի նախագահի տեղակալներ Կիմ Յոն Չհոլը, Լի Սու Յոնը, Կիմ Փհյոն Հեն և Օ Սու Յոնը, ինչպես նաև ազգային զինված ուժերի նախագահ Նո Գվան Չհոլը, արտաքին գործերի նախարար Լի Յոն Հոն և Հյուսիսային Կորեայի Աշխատավորական կուսակցության կենտրոնական կոմիտեի բաժնի առաջին տեղակալ Կիմ Յո Չժոնը՝ Կիմ Չեն Ընի հարազատ քույրը, որը համարվում է ԿԺԴՀ առաջնորդի ամենամտերիմ խորհրդականներից մեկը:
Նշվում է, որ Փհենյանից մինչև Վիետնամ երկաթուղային ճանապարհի ընդհանուր երկարությունը կազմում է ավելի քան 4,5 հազար կմ: Սա նշանակում է, որ եթե անգամ ծանր զրահապատ գնացքը շարժվի միջին արագությամբ (առավելագույնը 100կմ/ժ), ապա ուղևորությունը, այնուամենայնիվ, կարող է տևել ավելի քան երկու օր:
Հիշեցնենք, որ ԱՄՆ և ԿԺԴՀ ղեկավարների առաջին պատմական հանդիպումը տեղի է ունեցել Սինգապուրում 2018-ի հունիսի 12-ին: Գագաթնաժողովի արդյունքում Կիմ Չեն Ընը հաստատել է ապամիջուկայնացման մտադրությունը, իսկ Թրամփը՝ Փհենյանին անվտանգության երաշխիքներ տրամադրել: